Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՑԱՆԿԱՆԱ ՀԱՆԳԻՍՏ ՁԵՎՈՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԽՆԴԻՐԸ
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն այն ուժն է, որը կարող է զսպել Ադրբեջանին։
«Ռուսաստանի արձագանքից է կախված նաև հետագա լարվածության աճը։ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի խնդիրը երկրորդ ճակատ բացելն է՝ Ռուսաստանի գործը դժվարացնելու համար։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այն ուժն է, որը կարող է զսպել Ադրբեջանին»։
Մանասյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները նաև «ապտակ» է Ռուսաստանին։
«Այն փաստաթուղթը, որի տակ կա Ալիևի ստորագրությունը, ենթադրում էր , որ կողմերը պետք է կանգ առնեին իրենց տեղերում , որտեղ եղել են։ Սակայն Բաքուն և Անկարան սովորություն չունեն հարգել իրենց ստորագրությունը կամ կատարել այն ինչ իրենք խոստանում են։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի երևույթ է։ Սակայն մյուս կողմից Թուրքիան և Ադրբեջանը սովորություն չունեն միջազգային իրավունքի հետ հաշվի նստել, փոխարենը հաշվի են նստում քաղաքական զարգացումների այս կամ այն իրավիճակներում ստեղծված իրադրությունների հետ»,- ասաց Մանասյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ստեղծված նոր իրավիճակում, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, Ադրբեջանը փորձում է առիթը բաց չթողնել, թեև դա հենց Ադրբեջանը չէ, դա Թուրքիան է և չեզոքություն պահպանող արևմտյան այն երկրներն են, որոնք տարբեր կետերից փորձում են տապալել Ռուսաստանին։
«Մենք հաճախ ենք մտածում, որ որևէ պետություն պետք է գա և մեզ օգնի, դա միամիտ բան է։ Որևէ պետությունն առաջին հերթին իր համար է գալու, իր շահի, գալիս է հազար ու մի բան կշռելով՝ նժարին դնելով փաստարկներն ու հակափաստարկները, հետո կատարում քայլ։ Ռուսաստանը կցանկանա 2020թ․-ի պես, հանգիստ ձևով, առանց կռվի և միայն խաղաղապահների ուժերով կարգավորել խնդիրը, քանի որ Արցախն իր ռազմավարական շահերի գոտին է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, Մանասյանն արձագանքեց․
«2016թ․-իքառօրյա պատերազմի ընթացքում այդ քայլը պետք է կատարվեր, բայց չարվեց։ Պետք է նշեմ, որ այն ժամանակվա զգուշավորությունն ունեցել է արդարացում, քանի որ Մինսկի խումբը միջնորդական առաքելությունն էր իրականացվում և նրանք բաց տեքստով հասկացնում էին, որ եթե դուք ճանաչեք, բա մենք ինչո՞վ ենք զբաղվելու։ Հիմա իրադրությունն այլ է և հիմա կարելի է ճանաչել, եթե․․․եթե խաղաղության այսպես կոչված պայմանագրի դարակազմիկ փաստաթղթին մեր իշխանություններն այդպես չկապվեն, ինչպես հիմա կապված են։ Ընդհանրապես քաղաքական միամտոթյան մի ամբողջ բան կա դրա տակ դրված։ Խնդիրն այն է, որ մենք կարող ենք իրավիճակային քայլ անել, բայց դրան պետք է ուղեկցի հանրային համախմբումը, տնտեսության զարգացումը և ոչ թե միայն հայտարարույթուններով բավարարվելը։ Միամիտ տղայական քայլերը, որոնցով տառապում էր մեր քաղաքական էլիտան 2018թ-ին, ինչու չէ, նաև 1990-ականներին կային այդպիսի միտումներ, արդյունքում՝ այսօր քաղում ենք դրա պտուղները»։
Քաղաքագետի գնահատմամբ, քաղաքական հասունությունն ու զգոնությունը այսպիսի հարևանների առկայության դեպքում երբեք չպետք է կորցնել՝ անընդհատ զբաղվել սահմաններն ամրացնելով, բանակը հզորացնելով, ձեռք բերելով զինատեսակներ ու ապահովել հասարակության միասնությունը։