Վրացի պատգամավորներն արձագանքել են Դանիլովի հայտարարությանը «այլ ռազմաճակատների» բացման մասին

Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն մեկնաբանել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը, փոխանցում է Грузия-Online-ը:

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում ինչ-ինչ առումով բացահայտվել է Վրաստանի հետ կապված որոշակի դժգոհության իրական դրդապատճառը: Ինչպես կարծում է Սարջվելաձեն, որևէ արդարացում չկա այն կոչերին, որ Վրաստանը հիմա պատերազմ սկսի:

«Տվյալ դեպքում դժգոհության իրական պատճառը ոչ թե պատժամիջոցներն ու հայտարարություններն են, այլ, կարծես թե, դրդապատճառը կապված է եղել այն բանի հետ, թե ինչ կարող է լինել. Վրաստանը ինչ-որ կերպ կներքաշվի ռազմական արկածախնդրությանը և այդպիսով որևէ օգնություն կցուցաբերի Ուկրաինային: Շատ կարևոր է նշել, որ դա որևէ կերպ չի օգնի Ուկրաինային, դա սխալ է: Երկրորդ, ինչը նույնպես կարևոր է, չկա որևէ արդարացում և պատճառ Վրաստանին ուղղված՝ պատերազմ սկսելու կոչերին: Դա բնավ Վրաստանի շահերից չի բխում»,- ասել է Սարջվելիձեն:

Դանիլովի հայտարարության առնչությամբ իր կարծիքն է հայտնել նաև Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլազ Սամխարաձեն:

Նա հույս է հայտնել, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

«Հուսով եմ, որ դա սուտ է: Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը կոչ է անում Վրաստանին և ուրիշ երկրներին հրաժարվել տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման քաղաքականությունից երկրորդ ճակատի բացմամբ, որպեսզի ավերվե՞ն մեր քաղաքներն ու գյուղերը, զոհվե՞ն մեր կանայք և երեխաները: Իսկապե՞ս»,- գրել է Սամխարաձեն, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ «ՌԴ շահերի ոլորտում հավելյալ ռազմաճակատների ի հայտ գալն այլ երկրների տարածքներում կօգներ Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ»: