Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ հոդվածներից 1-ով արդարացնել, մեկ այլ հոդվածով մեղավոր ճանաչել և 5 տարի զրկել ՏԻՄ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, մեկ ուրիշ հոդվածով էլ տուգանք սահմանվեց։

 

Դատարանը հոդվածներից մեկով սահմանեց 1 տարի 3 ամիս տուգանք, քանի որ 8 ամիս 12 օրը անցկացրել է Առուշանյանը կալանքի տակ, սահմանվեց պատիժ 6 ամիս 18 օր։ Առուշ Առուշանյանի պատիժը չի կիրառվի պայմանականորեն։ Առուշ Առուշանյանի կալանքը փոխվեց ստորագրությամբ։ դատարանի դահլիճից Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց։

Գորիսում դատարանի շենքի դիմաց, որտեղ անցկացվում է դատական նիստը, հավաքված են Առուշ Առուշանյանի աջակիցները:

Հիշեցնենք, որ ի սկզբանե դատավոր Գնել Գասպարյանի վարույթում է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցված քրեական գործը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Սույն գործի շրջանակներում հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

Yerevan Today