«Հրապարակ»․ ԱԱԾ-Ն ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԱԻՆ-ՈՒՄ

Այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ, ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում, հաղորդում է «Հրապարակ»-ը:

Կայքը գրում է. «Մեր տեղեկություններով, թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։ Մենք զանգահարեցինք ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանին, նա չպատասխանեց մեր զանգերին։

Կապվեցինք ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, նա հաստատեց մեր լուրը և ասաց, որ ամբողջ նախարարությունն անհանգիստ վիճակում է, որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորն իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին։

Թե ինչ քրգործի շրջանակում են խուզարկություն կատարում, չհաջողվեց պարզել, սակայն դեռ օրեր առաջ լուրեր էին տարածվում, որ վարչապետը պատրաստվում է որոշ նախարարների փոխել, այդ թվում տրվում էր ԱԻ նախարարի անունը:

News.am