Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։