«ՌԴ-Ն ՉԻ՞ ԿԱՐՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ԹՈՂ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂՎԵՆ ԱՄՆ-Ը ԵՎ ՆԱՏՕ՞-Ն»
Որևէ արձագանքի բացակայությունից մինչև գանգատներ էթնիկ զտումներից…
Երբ Երասխի գնդակոծության հետևանքով զոհվեց 33-ամյա սերժանտ Հրաչ Մանասարյանը (առաջին զոհը՝ նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմից հետո), նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյանը պատասխանեց այդ առնչությամբ տրված հարցին. «Դե, հիմա ի՞նչ։ Մենք գնում ենք խաղաղության»։ Պատասխանին հաջորդեց 2 նորակոչիկների մահը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, իսկ օրերս Արցախում զավթիչները սպանեցին երեք և վիրավորեցին մեկ տասնյակից ավելի զինծառայողների, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Մանասարյանի մահվանը Փաշինյանը կառավարության նիստում արձագանքեց աղի չափազանց մեծ քանակի օգտագործման վնասի մասին դատողություններով: Արցախում գազատարի պայթեցման օրը պաշտոնական Երևանը քննարկում էր ընդհանուր օգտագործման վայրերում ծխել-չծխելու խնդիրը։
Փոփոխությունը տեղի ունեցավ միանգամից, ասես կախարդական փայտիկի թափահարումով. Փաշինյանը երկու օր շարունակ զանգահարեց Պուտինին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հաջողվեց զանգահարել Շոյգուին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կապվեց ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Բլինկենի հետ և գանգատվեց էթնիկ զտումներից։ Ինչո՞վ են պայմանավորված այդպիսի քանակությամբ քայլերը ռեժիմի առաջին դեմքերի կողմից: Փաշինյանը հայտարարում էր, որ չի կռվի Սև լճի 30%-ի համար, սահմանապահ դիրքերը չի տեղադրի ամայի լեռնագագաթներին։ Ինչո՞ւ հանկարծ անհանգստացան նրանք, ովքեր հանգիստ են վերաբերվել ինքնիշխան Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի բռնազավթմանը, ադրբեջանցիներին հանձնել Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը և հայտարարել Բաքվի բոլոր 5 առաջարկներին համաձայնության մասին:
Ինչո՞վ բացատրել այդչափ կտրուկ անցումը «Դե, հիմա ի՞նչ»-ից պերմանենտ ապավինմանը Պուտինին, Շոյգուին և Պետդեպարտամենտին։ Որպես պատասխան՝ տեղին է հղում անել հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հնչեցրած մեղադրանքներին ռուս խաղաղապահների հասցեին։ Փաշինյանի քարոզչամեքենան ոչ դես, ոչ դեն սկսեց խոսել մորատորիումի ռեժիմի պահպանման համար խաղաղապահների պատասխանատվության մասին՝ պահանջելով Արցախում ելման դիրքեր վերադարձնել ադրբեջանցիներին։
Աղաջանյանը հայտարարեց ադրբեջանցիների հետ խաղաղապահների դավադրության մասին, ռեժիմի քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց տեղեկատվություն, թե իբր՝ խաղաղապահները հայ զինվորներին խորհուրդ են տվել լքել Քարագլխի գագաթը, որից հետո դրան մոտեցել են ադրբեջանցիները: Աղաջանյանը բացահայտորեն փորձեց խաղաղապահների վրա բարդել Փառուխ գյուղի և Քարագլուխի գագաթի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման մեղքը։ Ակնհայտ է, որ զավթիչների առաջխաղացումն Արցախում և Սյունիքի Նոր Հանդ համայնքի շրջակայքում զուգադիպություն չէր։ Հիշեցնեմ, որ Հայաստանի տարածքում զավթիչների մեկ կիլոմետրով խորանալու փաստը ՊՆ-ն հերքել է։
Ալիևի հետ Փաշինյանի դավադրության մասին
Բոլոր հիմքերը կան՝ կասկածելու, որ կա դավադրություն, բայց ոչ թե խաղաղապահների և ադրբեջանցիների, այլ Ալիևի ու Փաշինյանի միջև՝ ուղիղ կապով: Հիմնավոր կասկածներ կան, որ ռեժիմի առաջին դեմքերի մշտական հեռախոսազանգերը Կրեմլ և Արցախի շփման գծում իրադրության ահագնացումը վաշինգտոնյան շրջկոմի հրահանգների հետևանքն են: Բացառված չէ, որ այդ հրահանգները կոչված են շեղել Պուտինի և Շոյգուի ուշադրությունը Ուկրաինայի իրավիճակից, ընդհուպ մինչև երկրորդ ճակատի բացման անհրաժեշտություն։
Իլհամ Ալիեվին ծանրակշիռ հիմք կպահանջվեր փետրվարի 22-ին (Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից 2 օր առաջ) Պուտինի հետ ստորագրած համատեղ հռչակագիրը խախտելու համար: Նման հիմք կարող էր դառնալ միայն իրադրությունն ահագնացնելու վերաբերյալ Պետդեպարտամենտի հրահանգը, որը կստիպի Ռուսաստանին լրացուցիչ զորակազմ տեղափոխել Արցախի շփման գիծ։ Հենց նման խնդրանքով է Պուտինին դիմել պաշտոնական Ստեփանակերտը, որը պարում է Փաշինյանի դուդուկի տակ։ Դավադրության մասին վարկածը հիմնված է հանրահայտ փաստի վրա. Փաշինյանը ծրագրել էր 44-օրյա պատերազմի արդյունքում հանձնել Արցախն ամբողջությամբ, ռուս խաղաղապահների մուտքը խանգարեց այդ հանցավոր մտահղացման իրականացմանը։ Այսօր, երբ որոշվում է Ուկրաինայում հատուկ գործողության ճակատագիրը, Փաշինյանը հասկացել է, որ նվիրական նպատակը մոտ է, և կարելի է վերջապես ազատվել Արցախից՝ մեղքը բարդելով ռուս խաղաղապահների վրա, որոնց մանդատը, ի դեպ, չի ենթադրում մասնակցություն մարտական գործողություններին։
Ահագնացումը շարունակվելու է, Ադրբեջանը կօգտվի իրավիճակից, որպեսզի վերջնականապես լուծի Արցախի հարցը, ինչի արդյունքում խաղաղապահ զորակազմի ներկայությունը լիովին կիմաստազրկվի։ Երբ Աղաջանյանը հայտարարեց Ադրբեջանի կազմում Արցախի լինելու մասին բանակցությունների հնարավորության մասին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում եզրակացրեց, որ այդ բանակցություններն արդեն տեղի են ունեցել ժողովրդի թիկունքում։ Հենց որ Արցախն ամբողջությամբ հայտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ, այնտեղ հայ բնակչություն չի մնա։ Փաշինյանի ռեժիմն այդ կորուստը կվերագրի Երրորդ համաշխարհային պատերազմի ծախքերին։
Մայիսի 12-ին ադրբեջանցիները Սյունիք մտան բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ավելի ուշ պարզվեց, որ այդ պայմանավորվածությունները ամրագրվել են նաև հատուկ փաստաթղթով։ Բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանցիներին հանձնվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ չնախատեսված արցախյան տարածքներ: Հետո պարզվեց, որ ադրբեջանցիները զավթել են ինքնիշխան Հայաստանի 41 քառ.կմ տարածքը, քանի որ հայկական զինված ուժերին հրաման է տվել չկրակել: Հրամանը խախտվեց միայն նոյեմբերի 16-ին, դրանից մեկ օր առաջ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ ընդունեց Հայաստանի բռնազավթման փաստը։
Այս իրադարձությունների խորապատկերին դժվար չէ ենթադրել, որ պատերազմից փրկված Արցախի հայկական մասի հանձնումը կարող է դառնալ նույնպիսի սեպարատ պայմանավորվածությունների արդյունք, որոնք թույլ չտվեցին Փաշինյանին դադարեցնել 44-օրյա պատերազմը հոկտեմբերի 19-ին Պուտինի առաջարկով։ Հավաստի տեղեկություններ կան, որ մարտական գործողությունների դադարեցման առաջին առաջարկը Մոսկվայից ստացվել է մինչև հոկտեմբերի 19-ը: Փաշինյանը երկու անգամ հրաժարվել է դադարեցնել արյունահեղությունը։
Երբ հայտնվեցին «բայրաքթարները»
Պատահական չէր, որ Պուտինը հրապարակավ զարմանք արտահայտեց Հադրութն ու Շուշին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելուց Փաշինյանի հրաժարման առնչությամբ։ Հիշո՞ւմ եք կապիտուլյանտի զառանցալից պատճառաբանությունները՝ ադրբեջանցիների Շուշի վերադառնալու մասին Ալիևի պայմանի վերաբերյալ։ Պուտինը քաջատեղյակ է, որ պատերազմը դադարեցնել Փաշինյանին խանգարել են Պետդեպարտամենտի հրահանգները։ Նրան պարտադրել են շարունակել պատերազմը՝ ճիշտ այնպես, ինչպես այսօր պարտադրում են Զելենսկուն։
Ռուս խաղաղապահների վարկաբեկումը ՌԴ-ի հետ հիբրիդային պատերազմի ներկա փուլում չափազանց համեստ խնդիր է Պետդեպարտամենտի համար, մանավանդ եթե հաշվի առնենք ռուսական հատուկ գործողության վստահ առաջխաղացումը դեպի Կիևի մերձակայք: Ընթանում է շատ մեծ խաղ. վերջնական նպատակին հասնելու համար (ադրբեջանցիների հետմղում ելման դիրքեր) պաշտոնական Ստեփանակերտը խնդրել է ավելացնել խաղաղապահների զորակազմը և նրա ռազմատեխնիկական հագեցվածությունը: Հաշվի առնելով լարվածության աճը, խնդրանքը միանգամայն հիմնավորված է։ Թեպետ, Մոսկվան կարող է գնահատել դա որպես քողարկված աջակցություն Հարավային Կովկասում երկրորդ ճակատի բացմանը, կամ որպես հավաքական Արևմուտքին ցուցադրելու մտադրություն, թե Ռուսաստանը չի կարողանում հաղթահարել խաղաղապահ առաքելությունը։
Պատահական չէ, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո շրջանառության մեջ դրվեց ապատեղեկատվությունն այն մասին, թե խաղաղապահների և ռուսական 102-րդ ռազմաբազայի զորակազմի մի մասը գործուղվել է Ուկրաինա։ Այդ սուտը կոչված էր բորբոքելու Բաքվի և Անկարայի ախորժակը՝ նրանց մղելով «Զանգեզուրի միջանցք» բացելու փորձի, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է հատուկ գործողությամբ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Արցախի շփման գծում և Հայաստանի գրավյալ տարածքներում իրադարձությունները զարգանալու են արագացված տեմպերով։ Վերոնշյալ հարցերի խորապատկերին առավել նշանակալի է թվում հետևյալը. ինչո՞ւ 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի երկնքում «բայրաքթարներ» չկային, իսկ Չավուշօղլուի հետ Միրզոյանի հանդիպումից հետո դրանք հայտվեցին։
ՀՀ ԱԳՆ-ը կոչ է արել միջազգային հանրությանը խոչընդոտել Արցախում ապակայունացման փորձերին: Օրերս տարածված հայտարարության մեջ նշված է, որ ադրբեջանցիների առաջխաղացումը ծրագրված է եղել նախապես, և որ նրանք պետք է հեռանան ելման դիրքեր: Ինչո՞ւ այդ ատյանը առ այսօր ոչ մի անգամ չի դիմել միջազգային հանրությանը, օրինակ, ինքնիշխան Հայաստանի 41 քառ. կմ տարածքի բռնազավթման առնչությամբ։ Ի՞նչ է բովանդակվում այդ հայտարարության համատեքստում։ Փորձ է արվում ուղերձ հղել միջազգային հանրությանը, թե ՌԴ-ն ի վիճակի չէ՞ խաղաղություն ապահովել Հարավային Կովկասում, ուստի այդ խնդրով պետք է զբաղվեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն։ Իսկ գուցե Փաշինյանի ռեժիմը հո՞ղ է նախապատրաստում Արցախի ճանաչման համար՝ հուսալով, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումից հետո Մոսկվան կաջակցի այդ քայլին։ Վերջին հարցը քաղաքական ֆանտաստիկայի շարքից է…