Մեդինսկի․ Կիևը հրաժարվում է Ղրիմն ու Դոնբասը ռազմական ճանապարհով վերադարձնելուց

Անվտանգության երաշխիքների համակարգի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ դրանք Ղրիմի և Դոնբասի տարածքների վրա չեն տարածվում։ Այդպիսով, ըստ էության, Կիևը հրաժարվում է դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելուց։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Արտադաշինքային ոչ միջուկային կարգավիճակի իրականացման նպատակով ներկայացվում է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետությունների ցանկը։ Անվտանգության երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի տարածքների վրա, այսինքն Ուկրաինան հրաժարվում է Ղրիմը, Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից և հայտարարում, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Իհարկե, դա մեր դիրքորոշմանը ոչ մի կերպ չի համապատասխանում, բայց Ուկրաինան ձևակերպել է իր մոտեցումը», – ասել է ՌԴ պատվիրակության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները «չեն տարածվում Ուկրաինայի այն տարածքի վրա, որը նրանք Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններ են անվանում»։

Sputnik Արմենիա