ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՀՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆՈՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ռեժիմը պատրաստվում է Արցախի վերջնական հանձնմանը
Սկզբում ռեժիմի քարոզչամեքենան ողջ թափով շահագործում էր այն առասպելը, թե իբր՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991թ. դեկտեմբերի 21-ին, երբ ստորագրել է ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը։
ՆՄԱՆ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԱՆՑԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՄՏՔՈՎ։ Հետո Փաշինյանի քարոզչամեքենան սկսեց շրջանառել մեկ այլ առասպել, թե իբր՝ 1999-ին Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի ներառմամբ։ Այսօր արդեն տասներորդ փուլով շրջանառվում է քարոզչական այն հեքիաթը, թե Քոչարյանը, իբր, ուզում էր փոխանակել Մեղրին Արցախի հետ։ Դրան ավելացել է նոր թխած փչոցը, թե Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի ուղղությամբ զավթիչների առաջ գալու մեղավորը ռուս խաղաղապահներն են, որոնք համաձայնության են եկել ադրբեջանցի զավթիչների հետ:
Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ շփման գծում լարվածության աճը, ներառյալ գազատարի պայթեցման դիվերսիան, Փաշինյանի և Ալիևի միջև դավադիր պայմանավորվածության հետևանք է՝ Արևմուտքի հովանավորության ներքո։ Ո՞վ կվիճարկի այն վարկածը, որ հենց տվյալ դավադրությունը թաքցնելու նպատակով էլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց ռուս խաղաղապահների մեղավորության թեզը։ Հորինվածքները՝ քարոզչամեքենայի գլխավոր զենքը, արմատավորվում են զանգվածների համատարած հիմարացման համար։ Եվ այդ հորինվածքների արմատավորմամբ զբաղվում են նրանք, ովքեր տեղյակ են երկրորդ նախագահի բազմիցս հնչեցրած դիրքորոշմանը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Եվ այդ մարդիկ գերազանց գիտեն նաև, որ Քոչարյանը հրաժարվել է փոխանակել հայկական տարածքները հայկական տարածքների հետ։ Հայաստանի նախկին ղեկավարներին Արցախը հանձնելու մտադրության մեջ մեղադրելու քարոզչամեքենայի փորձը կոնկրետ աստառ ունի։
Պետք չէ խելքի ծով լինել՝ հասկանալու համար, որ ռեժիմը ծրագրում է Արցախի հանձնումը, ուստի կանխավ հող է նախապատրաստում մեղքը Հայաստանի նախկին ղեկավարների վրա բարդելու համար։ Գործի է դրված նույն այն հնարքը, որը կիրառեցին Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը իշխանական քարոզչամեքենան վերագրեց երկրորդ և երրորդ նախագահների դավերին, նախորդ դարի 80-ական թվականների զինատեսակներին, գեներալակազմի և բանակի ապիկարությանը. մի խոսքով, մեղադրանքը վերաբերեց բոլորին, բացի Փաշինյանից։ Գերագույն գլխավոր հրամանատարը սահմանափակվեց բառախաղով՝ թիվ 1 պատասխանատուի և թիվ 1 մեղավորի թեմայով…
Այսօր ռեժիմի պարագլուխը հանձնում է Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով, և կրկին փորձում մեղքը բարդել ուրիշների վրա։ Հիշեցնեմ, որ հենց Փաշինյանն է հայտարարել, թե Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։ Այդ փաստաթուղթը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Հովիկ Աղազարյանն ասաց, թե Հայաստանը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Գագիկ Մելքոնյանը հայտարարեց, թե «ղարաբաղցիք փախել են Երևան՝ ստեղից Ղարաբաղ են պահանջում», Փաշինյանը նույնպես ծայրաստիճան հստակ նախանշեց տեսանելի հեռանկարի իր խնդիրը: «Մենք գտնվում ենք Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի»,- հայտարարեց վարչապետի աթոռին բազմած անձնավորությունը կառավարության վերջին նիստերից մեկում։
Խնդրում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մտածողության նոր բանաձևերի մասին խոսքերին: Ըստ երևույթին, խոսքը այն մտածողության մասին է, որն առանց հույզերի կընդունի Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար կլանման փաստը…
Փող չկա նույնիսկ կանաչու համար
Ռեժիմի քարոզչամեքենան զանգվածային հարձակում է գործում խորհրդարանական ընդդիմության վրա։ Այդ հարձակումը համընկավ իշխանություններին ժողովրդի իբր ցուցաբերած աջակցության մասին առասպելի պսակազերծման հետ։ Մայրաքաղաքի փողոցներում անցկացվող սոցհարցումներն ու մարզերում ընթացող բողոքի ցույցերը վկայում են այն մասին, որ միջին վիճակագրական քաղաքացիները չեն վստահում ռեժիմին։
Փաշինյանի վերջերս հնչեցրած հայտարարությունն այն մասին, թե հասարակ մարդկանց ցավն արձագանք է գտնում իր հոգում, արժանացավ սուր հեգնանքի: Փողոցներում մարդիկ տեսախցիկների առջև հիշեցնում են, որ ռեժիմի պարագլխի ընտանիքը ձկնկիթ է ուտում, իսկ իրենք հացի փող անգամ չունեն։ Ոմանք, հիշելով մսի համար փող չունենալու դեպքում կանաչի ուտելու Փաշինյանի խորհուրդը, հեռուստախցիկների առջև հայտարարեցին, որ այսօր կանաչու համար էլ ոչ բոլորը փող ունեն…
«Ֆա՛ս» հրամանն ու 2 թեզերը
Փաշինյանն ու իր թիմը թքած ունեն հասարակ մահկանացուների խնդիրների վրա, պարոնայք առաջվա պես պարգևավճարներ են լափում (Առողջապահության նախարարությունում 70 մլն դրամի չափով պարգևավճարներ են հատկացրել սոցիալական ծրագրերի գումարների կրճատման հաշվին), հաճույք են պատճառում իրենց՝ հարկատուների միջոցների հաշվին արտասահմանյան շրջագայություններ կատարելով, առանձնատներ և այլ թանկարժեք անշարժ գույք են գնում ու անվերապահորեն կատարում ռեժիմի պարագլխի «ֆա՛ս» հրամանը։
ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ «ՖԱ՛Ս»-Ը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ։ Ռեժիմի բոլոր հեռուստաալիքներում և ֆեյքերի ֆաբրիկայի արտադրանքում գերիշխում է քննադատությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների ակտիվ անդամների հասցեին։
Խորհրդարանական ընդդիմության դեմ քարոզչական գրոհը հիմնված է ծայրաստիճան մաշված և բազմիցս գործածված 2 թեզերի վրա։ Թեզ առաջին. այս ընդդիմությանը չի կարելի վստահել, քանի որ այն սպասարկում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերը։ Թեզ երկրորդ. այս ընդդիմությունը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ռևանշ ապահովել երկրորդ և երրորդ նախագահների համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ու արտախորհրդարանական ուժերի ոչ պաշտոնական կոալիցիայի ներկայացուցիչները՝ Փաշինյանի հովանու ներքո, գնում են իշխանության հեռուստաալիքներ, ինչպես որ կհաճախեին աշխատանքի, և արտաբերում նույն թեզերը Հայաստանի նախկին ղեկավարների և խորհրդարանական փոքրամասնության ռևանշիստական ծրագրերի մասին։ Միաժամանակ, Փաշինյանի քարոզչամեքենայի գլխավոր գործիք Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաալիք է հրավիրում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին և փորձում զանգվածային լսարանին ցույց տալ ընդդիմության պահվածքի «իրական» շարժառիթները։ Այս քարոզչական բաքոսատոնի պսակն ու գագաթնակետը դարձավ Վիգեն Խաչատրյանի ելույթը այն հեռուստաալիքում, որը կապում են խոսնակ Ալեն Սիմոնյանի անվան հետ։ Այդ ալիքը բացահայտ մրցակցում է Հանրային հեռուստաընկերության հետ՝ ընդդիմության գլխավոր գերեզմանափորի դափնիների համար։
Կոմերիտական ջոկատավար Վիգեն Խաչատրյանը Գերագույն խորհրդում կոմունիստների խմբակցությունից չվեց ՀՀՇ-ականների շարքեր՝ ամբիոնից նախապես մերկացնելով այն կուսակցությանը, որի անդամ էր և որը նրան բերել էր խորհրդարան։ Կոմունիստների կուսակցությունից հետո Խաչատրյանը Վանո Սիրադեղյանի խորհրդով հիմնեց Ռամկավար Ազատական կուսակցությունը, այնուհետ մի շարք պաշտոններ փոխեց գործադիր և օրենսդիր իշխանությունում, իսկ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մտավ ստվեր, որից հետո երևաց Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունում և դրա հետ մեկտեղ միացավ Փաշինյանին՝ որպես պարգև ստանալով պատգամավորական մանդատ։
Վիգեն Խ.-ն ասում է, թե ընդդիմությունը անցյալի մարմնավորումն է
Խաչատրյանը օրերս եկել էր ԱԺ նախագահ Սիմոնյանի հեռուստաալիք՝ խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչեցնելու «Նրանք անցյալի մարմնավորումն են» արտահայտությունը։
ՀԱՐՑ. ԻՍԿ ԻՆՉԻ՞ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄՆ Է ԻՆՔԸ՝ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Մարդը երկար ճանապարհ է անցել գործող քաղաքականության մեջ. կոմերիտական ջոկատավարից մինչև փաշինյանական «ուսապարկ», իսկ հիմա հանդիմանում է ընդդիմադիր խմբակցություններին, թե նրանք խանգարում են «ազգային միասնությանը», քանզի իրենց նպատակ են հռչակել իշխանափոխությունը և աշխատում են միայն այդ նպատակի իրականացման համար։ «Նրանք ռևանշիստներ են, նրանց համար՝ ինչքան վատ, այնքան լավ։ Ազգային միասնությունը ենթադրում է մրցակցություն, այլ ոչ թե քաղաքական ուժերի պայքար, մինչդեռ նրանք նպատակադրված են միայն պայքարելու»,- հայտարարեց Խաչատրյանը՝ Արցախի իրավիճակի վերաբերյալ ընդդիմության վերջին հայտարարությունն անվանելով «թյուրիմացություն», որը բովանդակում է «թեթևամիտ առաջարկներ»։
Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը կասեցնելու կոչով դաշնակից երկրներին և միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձը Խաչատրյանը որակեց «խաբեություն» բառով։ «20 տարի նրանք այդպես են աշխատել՝ խաբելով ժողովրդին։ Նրանք խաբել են, երբ իշխանություն էին, հիմա էլ են խաբում»,- հայտարարեց նա։ Փոխարենը ինքը՝ Խաչատրյանը, միշտ ճշմարտությունն է ասում, ներառյալ սկանդալային հայտարարությունը Շուշիի մասին։ Ասենք, նա անձամբ չի ընտրում, թե ինչ պիտի ասի։ Այն ժամանակ նրան հրամայել էին հայտարարություն անել Շուշիի մասին, այսօր հրամայել են պարսավել ընդդիմադիր խմբակցություններին, ազգային միասնությանը խոչընդոտող ռևանշիստներ անվանել ընդդիմադիրներին։ Դե, ախր ո՛նց պիտի Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, առանց ազգային միասնության։
Պետք է, չէ՞, ինչ-որ մեկի վրա բարդել երկրորդ մեծ դավաճանության մեղքը։ Դրա համար փորձում են ժողովրդին դարձնել այդ դավաճանության հանցակիցը՝ քարոզչական փչոցներ տիրաժավորելով այն մասին, թե զանգվածները սատարում են Փաշինյանին։ Մեր դժբախտությունն այն է, որ Փաշինյանն ու իր ծառայանին օդից չեն ծնվել, թուրք-սորոսական հինգերորդ շարասյան ապագա կադրերի դարբնոցն են եղել ՀՀՇ-ն ու «Հիմա՛» շարժումը։ Ազգային շահերի դավաճաններին, պետականության փլուզման ջատագովներին ու ճարտարապետներին ձևավորեցին նրանք, ովքեր կանգնած էին հայերին ղարաբաղցիների և հայաստանցիների բաժանելու ակունքներում։ Այսօր Խաչատրյանը կրկին շարքում է և կրկին անում է այն, ինչ իրեն ասում են. պարզապես երեկ նրան հրամաններ էր տալիս Վանո Սիրադեղյանը, իսկ այսօր՝ Փաշինյանն ու Արսենյանը։ Ի՜նչ արած, պատգամավորական մանդատի դիմաց պետք է տքնաջան աշխատեն նույնիսկ նախկին կոմերիտական ջոկատավարները։
Եվ էլի մի բան. 30 տարվա ընթացքում մոռացվել են բազմաթիվ հավակնոտ քաղաքական գործիչներ, բազմաթիվ կուսակցությունների անուններ պահպանվել են լոկ թղթի վրա, իսկ կոմերիտական-ռամկավար Խաչատրյանը կրկին լող է տալիս, կրկին թռել է ջրի երես, ինչպես այն, ինչը միշտ առաջինն է ելնում մակերես...