ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ ԵՎ ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ ՔՈ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Տիկին Հովսեփյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

Սա սպասելի էր, և թվացյալ խաղաղության քարոզը չի նշանակում, որ մենք իրապես խաղաղության հասնելու հարցում արդյունք ենք ունենալու։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են, իսկ մենք այսօր պարտադրողի կարգավիճակում չենք, ընդհակառակը, ենթարկվողի կարգավիճակում ենք։ Եվ բնական է, որ հայությունը վտանգի տակ է։ Քանի դեռ մենք շրջապատված ենք Ադրբեջանի և Թուրքիայի նման ագրեսոր պետություններով, որոնց հետ հարևանության և բարեկամության քարոզը ուղղակիորեն դիտարկվում է յաթաղանով, որևէ կերպ հույս չպետք է ունենանք, որ կլինի այնպիսի արդյունք, ինչի մասին իշխանությունը հավանաբար երազում է տեսնում։ Մենք տեսնում ենք, թե այս օրերին ինչ է տեղի ունենում Արցախում, մարդիկ լարվածության մեջ են ոչ թե գազի անջատման պատճառով, միևնույն է, նրանք մնալու են իրենց հողում, այլ անտարբերությունն է մարդկանց ամենաշատը նեղացնում։ Լուծումը պետք է լինի համախմբածությունն ու պատասխանատվություն կրելը։ Այստեղ պատասխանատվության լուրջ պակաս կա, թողնել այսօր արցախահայությանն ու ասել՝ «գնացեք խաղաղապահների հետ հարցերը լուծեք», դա ուղղակի անարդարություն է, որը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների կողմից։ Արդյոք արցախահայությունը դա էր ակնկալում անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի իշխանություններից։

Տեղեկություն եղավ, որ ռուս խաղաղապահներն են զորքերը հետ քաշելու մասին առաջարկ արել, որից հետո ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ։ ՀՀ իշխանություններն ասում են, որ դա ռուսական պատասխանատվության գոտի էր։ Մի կողմից Հայաստանն ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց մյուս կողմից հիմա նման զարգացումներ են տեղի ունենում, սա ինչպե՞ս եք գնահատում։

Մեկը մյուսի վրա գցելով՝ որևէ կերպ հարցերը չեն լուծվում։ Եթե Հայաստանի իշխանությունը գտնում է, որ ինքն անելիք չունի, ապա թող բացահայտ կանգնի ու հայտարարի՝ «ես Արցախից ձեռքերս լվացել եմ, ինքներդ ձեզ տեր կանգնեք»։ Հայաստանի հայությունն էլ կհասկանա, որ ունի այնպիսի իշխանություն, որն ուղղակիորեն արցախահայությանը դատապարտել է ագրեսոր Ադրբեջանի հարձակումներին։ Իրենց հայտարարությունները, թե տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, դա ամենամեծ սրիկայությունն է։ Միայն ռուս խաղաղապահների պատասխանատվությունը չէ, ՀՀ իշխանությունը նույնպես ունի պատասխանատվություն։ Ավելին, որևէ մեկս չգիտենք, թե ինչ են ստորագրել նոյեմբերի 9-ին և ինչ են բանավոր պայմանավորվել։ Այդ բանավոր պայմանավորվածությունների մասին չի խոսվում։ Արցախահայությանը թողնել միայն ռուս խաղաղապահների հույսին և որպես հայաստանյան իշխանություն ակնկալել, որ միայն օտարը պետք է պատասխանատվություն կրի քո անվտանգության համար, սա վերջին սրիկայությունն է։ Ռուսաստանը չլինի, լինի ԱՄՆ-ն կամ Եվրոպան, քո պետությունն ու ազգը օտարի հույսին թողնելը․․․ ուղղակի գնահատական չկա այստեղ։ Ո՞վ պետք է քեզ տեր կանգնի, ՀՀ-ն 30 տարի շարունակ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց այսօր հույսդ դրել ես նրա վրա, որ հայ մարդուն պետք է պաշտպանի օտարը։ Դա արդեն անընդունելի է։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծումներ եք տեսնում։

Առաջին լուծումը պետք է լինի հայ ժողովրդի համախմբվածությունը, միակ տարբերակը դա է։ Եվ չպետք է տարանջատել՝ սա արցախահայության խնդիրն է, թե Հայաստանի հայերի։ Այսօր Հայաստանի Հանրապետությունն ավելի վտանգված է, քան Արցախը։ Սյունիքն է վտանգված, Տավուշը, Վայոց Ձորը, և անընդունելի է, եթե արցախահայությունը Հայաստանի հայերին թողնի միայնակ կամ Հայաստանը՝ արցախահայությանը։ Մենք պետք է հասկանանք, որ մեկ ազգ ենք և այս իրավիճակից առաջին հերթին համախմբված ենք դուրս գալու՝ թե իշխանություններից ձերբազատվելու հարցում, թե թշնամուն դուրս մղելու հարցում, թե ցանկացած հարցում։ Մենք միայն մեկ տարբերակ ունենք՝ համախմբվածություն և միասնականություն։ Մենք պետք է ազգովի ստիպենք իշխանություններին՝ ըստ մեր պահանջի գործել, այլ տարբերակ չկա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Lragir.am