Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՓԱԿԵԼ ԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԷՋԵՐԸ

Ադրբեջանը հերթական անգամ հասավ իր նպատակին՝ ուժ ցուցադրելու միջոցով։ Հայաստանի իշխանությունները չարեցին այն, ինչ պետք է արվեր դեռևս 2020-ից, քանի որ նրանց ձեռնտու էր բանակի ոչնչացումը, ինչից օգտվում է Բաքուն։ Այս մասին, հյուրընկալվելով News.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Մի կողմը դիմում է զենքի, իսկ մյուս կողմը խոսում է խաղաղության մասին։ Առաջին կողմն այս դեպքում միանգամայն կանխատեսելիորեն անընդհատ նոր պահանջներ է առաջադրելու։ Խաղաղություն չի կարող լինել, քանի որ դա պետք է ցանկանան բոլոր կողմերը։ Եթե Ադրբեջանը դիմադրության չի հանդիպում, ապա ինչո՞ւ պետք է գնա խաղաղության։

26 տարի հայկական կողմը ուներ բանակ, որը խաղաղություն էր հարկադրում, ինչպես նաև դիվանագիտություն՝ իր «կարմիր գծերով»։ Ուստի պատերազմ սկսելը թանկ կարժենար Բաքվի համար։ Սա մենք տեսանք 2016թ ապրիլյան պատերազմի օրինակով, որը հանգեցրեց ստատուս քվոյի էլ ավելի ամրապնդման և խոչընդոտեց, որ Ադրբեջանը զենքի դիմի։

Հիմա ոչինչ չկա։ Ավելին, Հայաստանի դեսպանություններին հանձնարարված է իրենց երկրներում ասել, որ մենք փակել ենք Ցեղասպանության և Արցախի էջերը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, ապա գրավոր կետերի առկայությունը չի բացառում գաղտնի համաձայնությունների առկայությունը։ Մանավանդ, որ նախկինում հայկական տարածքներ արդեն հանձնվել են և բանավոր, և գրավոր պայմանավորվածություններով։

Բաքվի առաջ քաշած կետերն առաջին հայացքից անհանգստություն չեն առաջացնում, բայց կարևոր է համատեքստը՝ ինչպես կմեկնաբանի Ադրբեջանը։ Միգուցե Բաքուն չգիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռևս 1990-ականներին։ Հիմա նա այնպես կմեկնաբանի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։

Ալիևի չհրապարակված պահանջն այն է, որ հայկական բանակը չպետք է վերականգնվի։ Մենք տեսնում ենք, որ դա նույնպես արվում է, այդ թվում՝ խորհրդանշական մակարդակում, երբ Հայաստանի պաշտոնյաները չեն նշում Բանակի օրը։ ԶՈՒ-ն հետևողականորեն վարկաբեկվում է։ Որպես բանակի հակակշիռ՝ Ոստիկանությունում պարեկային ծառայության համակարգ է ներդրվում, այսինքն՝ իշխանությունները արտաքին վտանգ չեն տեսնում, այլ միայն ներքին վտանգ են տեսնում»,- նշեց փորձագետը։

Էլբակյանի գնահատմամբ՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Փառուխում ռուս խաղաղապահներ կան։

«Քարագլխի մի մասը գտնվում է Ադրբեջանի, իսկ մյուս մասը՝ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Դրանից հետո գալիս է Քարինտակգլուխ բարձունքը, որն ավելի բարձր է և որտեղից երևում է Ստեփանակերտ-Այգեստան-Մարտակերտ ճանապարհը։

Ցեղասպանության ամբողջական իրականացումը շատ ծախսատար նպատակ է։ Հետևաբար, որքան շատ մարդիկ հեռանան Արցախից հոգեբանական ճնշման միջոցով, այնքան Բաքվի համար ավելի հեշտ կլինի հասնել հայաթափման նպատակին։ Արցախում բնակչության թվի նվազման հետևանքով Ադրբեջանը կամրապնդի իր դիրքերը Ռուսաստանի հետ բանակցություններում։

Հայաստանի իշխանությունների ջայլամային մարտավարությունը խնդիրներ չի լուծում։ Ադրբեջանը սահմանազատման չի գնում նաև այն պատճառով, որ տեսնում է ավելի շատ զիջումների հասնելու հնարավորություն։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր քաղաքական արժեքը։ Ամենազոր երկրներ չկան, և Ռուսաստանը նույնպես ներառված չէ այդ ցուցակում։ Տեսականորեն Ռուսաստանի Դաշնությունն, իհարկե, կարող է Ադրբեջանի դեմ գնալ, բայց Բաքուն դաշնակից ունի՝ ի դեմս Թուրքիայի։

Եթե մենք միջազգային հարաբերությունների սուբյեկտ չենք, այլ օբյեկտ ենք, ապա դաշնակիցը պոտենցիալ կերպով կարող է ինչ-որ բան պայմանավորվել մեր մասին։ Արցախում պատերազմ սկսելու հավանականությունը 1-2 ամսվա համեմատ աճել է։ Տեխնիկայի կուտակում կա, ագրեսիվություն, լարվածություն։ Բայց ամեն ինչ 100 տոկոսով հնարավոր չէ հաշվարկել»,- հավելեց քաղաքագետը։

News.am