ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՎԵՐԱԹՈՂԱՐԿՈՒՄ Է ARARAT «ԸՆՏԻՐ» ԼԵԳԵՆԴԱՐ ԿՈՒՊԱԺԸ
Ստեղծված 1902 թվականին՝ ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժն առաջին հայկական տեսակավոր կոնյակն է, որը դարձավ կոնյակագործության տարեգրի զարդատառը։
Երկակի հոբելյանական տարում՝ հայկական կոնյակագործության 135-րդ ամյակին և առաջին հայկական կոնյակի 120-րդ տարեդարձին ընդառաջ, Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է լեգենդար կոնյակի կոլեկցիոն տարբերակի վերածնունդը։
Երևանի կոնյակի գործարանից մանրամասնում են, որ այս պատմական կուպաժի հեղինակը Ֆրանսիայի գինեգործական հեղինակավոր դպրոցներից մեկի շրջանավարտ Մկրտիչ Մուսինյանցն է։ Նրա ստեղծագործական որոնումներն ու կրթությունն արտացոլեցին Հայաստանի շռայլ բնությունը և խաղողի հատընտիր տեսակները հայկական առաջին տեսակավոր կոնյակում։ Իր ստեղծումից անմիջապես հետո այդ կուպաժը հիացրեց ֆրանսիական ամենահեղինակավոր մրցույթի դժվարահաճ մասնագետներին։
Մուսինյանցի համար «Ընտիրը» դարձավ հայրենիքը մեծարելու միջոց և փայլուն վկայությունն առ այն, որ Հայաստանի բնության ու անկրկնելի վարպետության միությունը ստեղծում են նշաձող, որն առ այսօր շարունակում է ոգեշնչել կոնյակի իրական գիտակներին:
ARARAT «Ընտիրը» առանձնանում է սաթե հարուստ գույնով, որտեղ առկայծում է պղնձագույն փայլը։ Կլորավուն երկարատև համը վերափոխվում է ցիտրուսային և կարամելային նրբերանգներով և ավարտվում նուշի անորսալի դառնությամբ։
««Ընտիր» կոնյակի վերածնունդն առաջին հերթին վկայում է Երևանի կոնյակի գործարանի պատմական ժառանգորդության մասին։ Սա մեր հարգանքն է այդ արժեքավոր ժառանգության հանդեպ, որի մասն ենք կազմում նաև մենք։ Կոնյակի այս բացառիկ սպիրտները, որ անկասկած մեր պարծանքն են, հնարավորություն են ընձեռում ոչ միայն վերականգնելու պատմական կուպաժները, այլ նաև դրանք դարձնելու կոլեկցիոն», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Այս պատմական կոնյակի վերաթողարկումը նշանավորում է ARARAT-ի բացառիկ ժառանգությունը, քանի որ միայն այսպիսի հարուստ անցյալ ունեցող ապրանքանիշն է ի զորու վերականգնել նման նմուշներ՝ դարձնելով նրանց կոլեկցիոն։
««Ընտիր» կոնյակի կոլեկցիոն վերածնունդն էլ ավելի ընդգծեց նրա համահոտային ներդաշնակությունը, քանի որ երեք լրացուցիչ տարվա հնացումն առավել վառ բացահայտեց միահյուսված սպիրտների ողջ հմայքը։ ARARAT-ի վինտաժային շարքի հետ աշխատելն անկրկնելի փորձ է և հետաքրքիր երկխոսություն տարբեր սերունդների հետ»,- ասում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության գծով տնօրեն Համլետ Անտոնյանը։
ARARAT «Ընտիրը» լրացնում է ARARAT-ի վինտաժային կոնյակների շարքը և իր նրբաճաշակ փաթեթավորմամբ կշարունակի շարքի միասնական ոճային լուծումները։ Վերաթողարկված կոնյակի գրաֆիկական և գունային լուծումները փառաբանում են հայկական խաղողի յուրահատկությունը՝ որպես վառ և հիշարժան պատմությունների անփոխարինելի սկիզբ:
ARARAT «Ընտիր» կոնյակի սահմանափակ ներկայացվածությունը կհանդիսանա նոր երկխոսության ևս մեկ հիանալի առիթ՝ ARARAT կոնյակի գնահատողների համար։
ԱՐԱՐԱՏ-ի վինտաժ հավաքածուն տարբեր ժամանակներում Երևանի կոնյակի գործարանի կողմից վերաթողարկվող կոնյակների շարք է: Վինտաժ հավաքածուի բոլոր կուպաժները վերստեղծվում են օրիգինալ բաղադրատոմսերով և վերարտադրում են հանրահայտ կոնյակների էտալոն նմուշները: 2015թվ.-ին սահմանափակ քանակությամբ ներկայացվեց հավաքածուի առաջին կոնյակը՝ լեգենդար Հայաստանը: 2018 թվականին հավաքածուն համալրվեց «Երևան» կոնյակով։