Նախիջևանիկում տրակտորի վրա կրակահերթեր արձակելու գործը վարույթ ընդունվեց

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին ժամը 17:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու և վերջինիս նախնական տվյալներով խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։

Արցախի Քննչկան կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի դատախազությունը մարտի 9-ին, հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջևանիկ և Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ:

Կրակոցների հետևանքով գնդակոծվել ու վնասվել է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը։