ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ Է ԱԼԻԵՎԻՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՌՈՐԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները Ալմաթիում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում վիճել են Ղարաբաղի թեմայի շուրջ, հաղորդեցին երեկ ԶԼՄ-ները: Խոսքը Սիմոնյանի և Գաֆարովայի միջև թեթև լեզվակռվի մասին էր, որի արդյունքներով կողմերը եկել են լիակատար փոխըմբռնման։ Ճիշտ է, Ալենը պարկեշտության համար մի քանի խոսք է ասել ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ «մոռանալով» պատմել մնացած ամենի մասին, այդ թվում՝ հումանիտար աղետի և հարազատ օջախներից կանանց ու երեխաների տարհանման։ Ի պատասխան՝ Բաքվի խոսնակը ամեն ինչում մեղադրել է Հայաստանին և Արցախին, որից հետո երկուսն էլ հաշտ ու բարիշ համաձայնել են, որ պետք է սկսել բանակցությունները «խաղաղության պայմանագրի» շուրջ։

Ընդ որում Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը համաձայն է Բաքվի առաջարկած բոլոր հինգ կետերին, թեև փորձագետները համակարծիք են հայ ժողովրդի և պետության համար դրանց գոյաբանական վտանգավորության հարցում: Սակայն, ինչպես հայտնի է, Նիկոլի ու Ալենի համար փորձագիտական կարծիքը, ինչպեսև թուրքական նպատակների հետ չհամընկնող ցանկացած այլ կարծիք, բացարձակապես ոչ մի կշիռ չունի, նույնիսկ եթե խոսքը Հայաստանի և Արցախի ճակատագրի մասին է։ Նրանք հաստատապես մտադիր են արդեն նույնիսկ ոչ թե «խաղաղ գոյակցել» ու համագործակցել թշնամու հետ, այլև «ախպերություն» հաստատել, ինչպես օրերս հայտարարեց ամենահայտնի թուրքասերներից մեկը՝ Խաչատուր-Գռզո Սուքիասյանը, որը պատրաստ է հանուն այդ չարչիական «ախպերությունից» իր ստանալիք փողերի՝ հանձնել բացարձակապես ամեն ինչ, առանց որևէ արգելակների։

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնք հետպատերազմյան փխրուն ստատուս-քվոյի փոփոխության ազդանշանն են, Հայաստանի իշխանությունները հանկարծակի զարգացրել են արտասովոր դիվանագիտական եռանդ։ Այն է՝ թե՛ ԱԳՆ-ի գրեթե ամենօրյա հայտարարությունները, որոնք առանձնակի զարմանալի են այն մեռյալ լռության խորապատկերին, որով արձագանքել է այդ գերատեսչությունը համանման նախորդ իրադարձություններին, թե՛ նամակները, թե՛ հանդիպումները դեսպանների և ռազմական կցորդների հետ, թե՛ կոչերով դիմումները։ Խեղճ Օմեգա-Արաբատի վրայից քրտինքը հոսում է, մարդն ակնհայտորեն գերջանքեր է գործադրում, միայն թե շունչը չփչի անսովորությունից…

Բայց ինչե՜ր չես անի հանուն այն գլխավորի, ինչի ուղղությամբ շարժվել են 4 տարի և այնքան մոտեցել, որ թվում է՝ ահա այն, բաղձալի վերջնական հրաժարումն Արցախից, թեթևացած արտաշնչումն ու «խաղաղության և բարեկամության» լիակատար հաստատումը թուրք յուզգյարների հետ։ Հենց նրանց, որոնց «սիստեմատիկ բռնության ու ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է»։ Նրանց, ովքեր «արդեն մի քանի շաբաթ շարունակ խափանել են կենսական նշանակություն ունեցող գազատարի աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին»։ Նրանց, ովքեր «էթնիկ զտումների ուղեգիծն ամբողջացնելու և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելու համար (…) պահանջում են դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը»։

Մեջբերված արտահայտությունները վերցված են ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններից։ Եվ ներկայացրեցինք դրանք բացառապես ընդգծելու համար. փաստելով արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականությունը՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են այդ քաղաքականությունն իրականացնող պետության հետ խաղաղության պայմանագրի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Աբսո՞ւրդ։ Շատ մեղմ է ասված։ Բայց միայն՝ ողջամտության և Հայաստանի ու Արցախի ազգային-պետական շահերի տեսանկյունից։ Իսկ եթե որպես ապացույց չպահանջող ճշմարտություն ընդունենք ՀՀ-ում իշխող ռեժիմի համար թուրքական շահերի գերակայության իրողությունը, ապա ամեն ինչ, հակառակը, միանգամայն տրամաբանական է։

Վերջին օրերին իշխանությունների, առաջին հերթին՝ ԱԳՆ-ի աննախադեպ ակտիվությունը, անշուշտ, ուղղված է Ռուսաստանի դեմ։ Բայց ոչ միայն ուկրաինական ճգնաժամի հետ կապված աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։ Նման վարքագիծն ուղղված է նաև խաղաղապահ զորակազմի վարկաբեկմանը, որն այսօր հանրապետության բնակիչների անվտանգության գլխավոր երաշխավորն է։ Այլ կերպ, քան ծայրահեղ ցինիզմ և հանցագործություն, չես անվանի դավաճանների հրոսակախմբի գործողությունները, որոնք սկզբում հասցրեցին Արցախի ժողովրդին նման աղետալի վիճակի, իսկ հիմա նպատակաուղղված աշխատում են այն ուղղությամբ, որ ապացուցեն ՌԴ խաղաղապահ առաքելության անկարողությունը։ Վարկաբեկելով խաղաղապահներին (որոնց, ինչպեսև ընդհանրապես Կրեմլի քաղաքականությանը, անշուշտ, շատ հարցեր կան ուղղելու), Հայաստանի իշխանություններն անթաքույց օգնում են Անկարային և Բաքվին լուծել 5-ամյա ժամկետը լրանալուց հետո, իսկ գուցեև, ինչո՞ւ ոչ, ժամկետից շուտ ՌԽԶԱրցախից դուրս բերելու խնդիրը։

Փաշինյանի կառավարության երկրորդ, ոչ պակաս կարևոր խնդիրն է սկսել Բաքվի հետ բանակցությունները ցանկացած պայմաններով, քանի դեռ Արցախում չի ծավալվել ռազմական նոր ահագնացում։ Ոչ ոք կասկած չունի, որ վերջին շաբաթներին տեղի ունեցածն ընդամենը նախերգանքն է, և Ադրբեջանը չի դադարի տեռորի ենթարկել հանրապետության բնակչությանը, սադրանքներ կազմակերպել տարբեր հատվածներում, դուրս մղել ու վտարել բնակչությանը, զավթել այս կամ այն շահեկան դիրքերն ու քայլ առ քայլ առաջ շարժվել դեպի իր գլխավոր նպատակ. հայաթափ Արցախ։

Փաշինյանական ոհմակը նույնպես շատ լավ հասկանում է այդ ամենը։ Հասկանում է, որ արցախահայերին դատապարտում է ցեղասպանության ու հայրենազրկման, ճիշտ այնպես, ինչպես դա եղել է դարասկզբին Արևմտյան Հայաստանում։ Ավելին. բարձրաձայն հայտարարում է այդ մասին՝ միջազգային հանրությունից պահանջելով ձեռնարկել «գործուն և հասցեական քայլեր», Իսկ Ռուսաստանից՝ «կոնկրետ և տեսանելի քայլեր՝ իրավիճակը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար»։ Թե ինչ պահանջներ են սրանք ներկայացնում իրենք իրենց, հայտնի չէ, սակայն բոլոր այդ կոչերի և դիմումների վերջնական նպատակը, ինչպես պարզվեց, Ազգային անվտանգության Խորհրդի հայտարարությունն էր ցեղասպան պետության հետ «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման գործընթացն անհապաղ, «դրամարկղից չհեռացած», սկսելու պատրաստակամության մասին։

Նիկոլը գիտի, որ անկախ ամենից, նույնիսկ բացահայտ արտահայտած մտադրությունից՝ մտցնելու Արցախն Ադրբեջանի կազմ և դատապարտելու Նախիջևանի ճակատագրին, իրենից չեն դադարի պահանջել հայկական երկրորդ հանրապետության անվտանգության ապահովում և նրա շահերի պաշտպանություն միջազգային ասպարեզում։ Ուստի թուրքերի հետ ապագա ախպերության ջատագովները ձգտում են հնարավորինս շուտ և արդեն պաշտոնապես անջրպետվել հայկական շահերի դավաճանության հերթական փուլի առաջիկա գործընթացներից. իբր՝ մենք բանակցում ենք խաղաղության մասին, որի պայմաններից մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Չէ՞ որ մենք այդ մասին հայտարարել ենք բացեիբաց, չենք թաքցրել, որ մեզ համար ընդունելի են Բաքվի բոլոր առաջարկները, և որ Արցախի կարգավիճակը տեսնում ենք միայն Ադրբեջանի կազմում։ Մի՞թե մեկնումեկը դեմ է եղել, մի՞թե կայացել է բողոքի թեկուզ մեկ նշանակալի ակցիա։ Չի կայացել։ Ուրեմն ժողովուրդը մեզ աջակցում է, կասեն նրանք։ Եվ, մեծ հաշվով, իրավացի կլինեն, քանի որ մինչ օրս, նույնիսկ նման ճակատագրական իրավիճակում ֆեյսբուքյան զայրալից գրառումներից ու խոհանոցային վրդովմունքից անդին գործը չի գնում։ Ուրեմն ի՞նչ դժգոհություններ կարող են լինել իրենց հանդեպ։

ՀՀ Անվտանգության խորհրդի մարտի 28-ի հայտարարությունը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները դե ֆակտո լիովին գիտակցում են Արցախին սպառնացող վտանգի ողջ վիթխարիությունը։ «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար»,- արդարացիորեն հավաստում են այդ կառույցի անդամները: բայց տեղնուտեղն էլ Արցախին ու արցախցիներին սպառնացող իրական վտանգից փոխադրում սլաքները իրենց համար գլխավոր թեմայի վրա, հայտարարելով, թե Բաքուն փորձում է «գտնել մտացածին հիմնավորումներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»։

Փաստորեն դավաճանների կառավարությունը բացահայտ հայտարարում է Արցախում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների գնով «խաղաղության պայմանագիր» ստորագրելու պատրաստակամության մասին։ Փաստորեն Հայաստանի Անվտանգության խորհուրդը՝ Փաշինյանի և Խաչատուրյանի (եթե ոմանք մոռացել են՝ «ՀՀ նախագահի») գլխավորությամբ, քարտ-բլանշ է տալիս Բաքվին՝ Արցախի վերջնական զավթման և արցախցիների հանդեպ հաշվեհարդարի համար, հրապարակավ հավաստիացնելով, որ ոչ մի բանի չի միջամտելու։ Քանի որ մեկնարկ տալով թշնամու պայմաններով ընթանալիք բանակցություններին, ՀՀ իշխանությունները փաստացի համաձայնում են, որ Արցախը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Բաքուն կարող է այնտեղ անել այն ամենը, ինչ հարկ կհամարի։

Ահաբեկել, սպանել, կրակել, վտարել, դուրս մղել, զրկել նորմալ կենսապայմաններից, խլել մշակութային ժառանգությունը. ինչ կամենա: Հայաստանը չի միջամտի և չի պաշտպանի հայրենակիցներին, փոխարենը կմեղադրի Ռուսաստանին խաղաղապահ առաքելությունը չկատարելու մեջ: Ձգտելով թուրքերի հետ ձեռք ձեռքի տված հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը՝ որպես մեր Հայրենիքի թուրքացման ճանապարհի վերջին խոչընդոտի։

Այստեղ արդեն հարցեր չկան։ Բոլոր հարցերը վաղուց ուղղված են հենց մեզ. մենք դա թո՞ւյլ ենք տալու։