ԱՄՆ-ն չի ուզում հակամարտել ՌԴ-ի հետ և դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի երաշխիքների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ընդունի այնպիսի որոշումներ, որոնք ՌԴ-ի հետ ուղիղ հակամարտության կհանգեցնեն: Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:
«Ինչպես նախագահ Բայդենն է բազմիցս ասել, նա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտություն չի փնտրում։ Նա այնպիսի որոշումներ չի կայացնի, որոնք կհանգեցնեն նման իրավիճակի», - ասել է Բեդինգֆիլդը ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության ծավալն առանց այն էլ աննախադեպ է, Կիևին է փոխանցվում այն, ինչն առավել անհրաժեշտ է համարում Պենտագոնը։
Բեդինգֆիլդը խոսել է նաև Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության մասին։
«Մենք մշտական կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության ապահովման հարցով։ Այդուհանդերձ, մենք դեռ պատրաստ չենք որևէ կոնկրետ բան հայտարարել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության վերաբերյալ», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։