Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է, ՈՐ ՆՐԱՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Միջազգային կառույցների լռությունը Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողություններին վկայում է այն մասին, որ կա հանցավոր համագործակցություն թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունն իրականացնելու գործում, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց կազմակերպված ացիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ակցիայի մեկնարկին Արցախից բռնի տեղահանվածները, Ադրբեջանից փախստականները և քաղհասարակության ներկայացուցիչները միջազգային հանրությանը կոչ ուղղեցին ներդնել բոլոր մեխանիզմները՝ Արցախի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման գործողություններն ու քաղաքականությունը կանգնեցնելու համար։

«Մեղադրում եմ, առաջին հերթին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարին և յուրաքանչյուրին աշխատակազմից», - Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները հատկապես ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից չդատապարտելու կեցվածքը քննադատեց Լարիսա Ալավերդյանը։

Նա ընդգծեց՝ ինչպես ՄԱԿ-ը, այնպես էլ ԵԱՀԿ-ն ու մյուս միջազգային կառույցները աշխարհաքաղաքական զարգացումների և բախումների ֆոնին սեփական խնդիրներն են լուծում։

«Այո, համագործակցում են, այո, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդդեմ հայության։ Ոչ թե այն պատճառով, որ մեզ չեն սիրում, ադրբեջանցիներին սիրում են, իրենք դա անում են՝ աշխարհաքաղաքական բախման ժամանակ ամենապղտոր խնդիրները լուծելու և ամենապղտոր նպատակներին հասնելու համար», - ասաց Ալավերդյանը։

Aysor.am