Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Փաշինյան–Պուտին նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 31-ին։ Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը և ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլև որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ:
Վարչապետը ՌԴ նախագահին էր ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարևորել էին 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, տեղեկացնում է News.am-ը: