Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՎ ՊԱՏՐԱՍՏ Է ԼՐԱՑՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԱՆՔԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։
Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։
Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով։
ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։
Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»,- գրել է նա։