Ուկրաինան հայտնել է, որ չի կատարի գերիների մասին կոնվենցիայի պահանջները
Ուկրաինայի իշխանությունները Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել են, որ ռուս ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում չեն պահպանելու Ժնևյան կոնվենցիայի պահանջները։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը։
«Գերեվարված ռուս զինծառայողներին, որոնցից շատերը վիրավոր են, ենթադրվում է, որ համապատասխան սնունդ և շտապ բուժօգնություն չի տրվի այն պատրվակով, որ «բազմաթիվ ուկրաինացիներ այժմ զրկված են դրանից»», - ասվում է արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում կրակում էին ռուս գերիների ոտքերին։ Նշվում էր, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզի ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում։
Ռուսական կողմի տվյալներով՝ ռուս զինվորականներին խոշտանգելու տեսանյութերի հրապարակման դեպքերից հետո Ուկրաինան այժմ փորձում է կանխել նման նոր փաստերի հրապարակայնացումը։
«Կան կոնկրետ ապացույցներ, որ ուկրաինական իշխանությունները արևմտյան հովանավորներին համոզում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և տարբեր միջազգային մարդասիրական ՀԿ-ներին հրաժարվել ռուս ռազմագերիներին տեսակցելու փորձերից», - նշում է արտաքին հետախուզության ծառայությունը:
Ռուսական կողմը եզրակացնում է, որ արևմտյան երկրները ոչ միայն տեղյակ են Կիևի կողմից ռուս ռազմագերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին, այլև փորձում են օգնել Ուկրաինայի իշխանություններին խուսափել պատասխանատվությունից:
Մասնավորապես, ինչպես նշված է ծառայության հաղորդագրության մեջ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Կիևին միջոցներ ձեռնարկել ուկրաինական իշխանությունների դեմքը սպիտակեցնելու և գերեվարված զինվորականների խոշտանգումների հրապարակման բացասական հետևանքները մեղմելու համար։
Արտաքին հետախուզական ծառայությունը նշում է, որ այս հանգամանքը Ուկրաինայի արևմտյան գործընկերներին դարձնում է անմարդկային հանցագործությունների մեղսակից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։