«ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ ԱՊԱԳԱ». «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ԱՊԱԳԱ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԻԿՈԼԱԹՈՒՐՔԵՐԻ ՀԵ՞Տ

«Այսօր մենք պետք է Ո՛Չ ասենք քարացած մտածողությանը, Ո՛Չ՝ մեր գոյու­թյան իրական սպառնալիքների թերագնահատմանը, Ո՛Չ՝ անտարբերու­թյանն ու անգործությանը։ Ներկայիս այս իրողությունների հանդիման մենք խիստ կարիքն ունենք այնպիսի առաջնորդության ու առաջնորդների, որոնք կհաղորդակցվեն, բայց նաև կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի: Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու համար։ Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան»։

Ներկայացված մեջբերումը մարտի 31-ին «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության բաց նամակից է։ Համանուն հիմնադրամը ֆինանսավորող համանախաձեռնողներն են Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, Արամ Բեկչյանը, Ռուբեն Վարդանյանը և Դավիթ Թավադյանը: Հիմնադրամի նպատակն է առաջիկա 20 տարիների համար Հայաստանի զարգացման տեսլականով նախագծերի մշակումն ու իրականացումը, ասվում է կայքում, որտեղ զետեղված է նաև «Հայաստան 2021-2041» լոգոն:

Թվարկած անձանցից առավել հայտնի են Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը. հաջողակ գործարարներ և հարգարժան հասարակական գործիչներ, որոնց ջանքերով Հայաստանում իրականացվել են մի քանի խոշոր նախագծեր, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Չէինք ցանկանա կենտրոնանալ բացասականի վրա, բայց հաջորդ 20 տարիների արծարածման հետ կապված՝ ակամայից մտաբերվում է նախորդ նախագիծը, որը նույնպես անմիջականորեն կապված է այդ երկու գործիչների անունների հետ. «Հայաստան 2020»-ը, որը 2000-ականների սկզբում ազդարարեց համանման նպատակներ և մշակում էր երկրի զարգացման սցենարներ։ Թե ինչ դժբախտություն բերեց մեզ նույն այդ 2020-ը՝ հիշեցնելն ավելորդ է, բայց ակներև է մեկ բան. չնայած ծախսած ահռելի գումարներին ու ջանքերին, չնայած աշխարհի տարբեր ծայրերից հայտնի մասնագետների ու հեղինակավոր ընկերությունների ներգրավմանը, նրանց բոլոր կանխատեսումները սխալ գտնվեցին։

Վարդանյանի և Աֆեյանի մասնակցությամբ նոր նախաձեռնությունը, որն անվանել են «Ապագա հայկականը» (The Future Armenian), ակամայից առաջացնում է նաև այլ, ոչ պակաս թերահավատ զգացողություններ՝ համահունչ լինելով նախորդ տարվա խորհրդարանական արտահերթ ընտրություններում Փաշինյանի կուսակցության կարգախոսին. «Ապագա կա, կա՛ապագա»։ Մենք, իհարկե, հեռու ենք Նիկոլի ոհմակին որևէ համատեքստում «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ կապակցելու մտքից, այդուհանդերձ մի քանի օր առաջ հրապարակված բաց նամակը, որի մասին, ըստ էության, կխոսենք, ակամայից որոշակի մտորումների տեղիք է տալիս։

Դրանում հնչած թեզերը նոր չեն և 44-օրյա պատերազմից հետո արտահայտվել են բազմիցս։ Սակայն հեղինակների վարկը, հայոց պետության զարգացման գործում նրանց ունեցած աներկբա ավանդը, ինչպես բնակության երկրներում, այնպես էլ հայկական աշխարհում նրանց ազդեցիկությունը ստիպում է ավելի սևեռուն ուշադրություն դարձնել տվյալ նամակին։

Նամակի հիմնական միտքը ազգին միավորելու կոչն է՝ «գոյաբանական սպառնալիքների» խորապատկերին։ Այդ սպառնալիքների շարքում թվարկելով Արցախում տիրող իրավիճակը, «Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու» Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունը, տնտեսության անբավարար զարգացումը, ինչը թույլ չի տալիս ապահովել ազգային անվտանգությունը, հեղինակներն ընդգծում են, թե «վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան»:

«Պատմական այս պահին, բոլոր ընտրված և նշանակված ղեկավարները, մեր ընթացքը դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելիս, պետք է ավելի լայն պատասխանատվություն ստանձնեն, օգտագործեն ողջ ժողովրդի ներուժը և հաշվետու լինեն երկրի ու արտերկրի հայությանը»,- այսպիսի եզրակացության են հանգում «Ապագա հայկականը» նախաձեռնության համանախագահողները՝ հայտարարելով, թե «նախաձեռնությունն ընդունում է պատմական այս պատասխանատվությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած հնարավոր միջոցով»:

Այսինքն հայտնի և հարգված գործիչները կոչ են անում հայությանը և պատրաստ են իրենք էլ միավորվել այն իշխանության շուրջ, որը ազգային աղետի է դատապարտել Հայաստանին ու Արցախին և չի թաքցնում դա ավարտին հասցնելու մտադրությունը։ Ավելին, հենց սկզբից ապշեցնում է նամակի հասցեատերերի ցանկը. ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ և Արցախի նախագահ (ինչպես նաև հոգևոր երկու առաջնորդներ՝ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներ)։ Ապշեցուցիչ է, բայց իրենց ոլորտներում համաշխարհային բարձունքների հասած մարդիկ չգիտեն, որ հայկական երկու պետությունների բնակչության ողջամիտ մասի ընկալմամբ՝ այդ չորսի անունները. Խաչատուրյան, Փաշինյան, Սիմոնյան և Հարությունյան, հարուցում են բացասական հույզերի մի ամբողջ շարան. բացարձակ անվստահություն, լիակատար մերժում, նողկանք, դատապարտում, ատելություն, արհամարհանք, զայրույթ, և վաղուց դարձել են հակահայկական և թուրքամետ քաղաքականության խորհրդանիշներ։

Նույնքան ապշեցուցիչ են հայրենիքի ճակատագրի համար անկեղծորեն և խորապես մտահոգ համանախաձեռնողների հույսերը՝ միավորելու հայերին նրանց հետ, ովքեր չեն թաքցնում Արցախը, ինչպես նաև Սյունիքը թուրքերին վերջնականապես հանձնելու և Հայաստանը թուրքական միջանցքի վերածելու ծրագրերը։ Լիակատար տպավորություն է ստեղծվում, թե Վարդանյանը, Աֆեյանը և նամակի մյուս հեղինակները ջանադրաբար չեն նկատում, թե 4 տարվա ընթացքում ինչ է բերել Հայաստանի և Արցախի գլխին փաշինյանական թիմը, գործնականում փլուզելով պետական կարևորագույն ինստիտուտները և խարխլելով ազգային հոգեկերտվածքի հիմքերը։

Կոչ անելով համախմբվել հանցավոր ռեժիմի հանցավոր առաջնորդների շուրջ՝ նրանք շրջանցում են նաև այն փաստը, որ հենց Փաշինյանն ու իր համախոհներն են առավելագույնս ջանացել խոր պառակտում մտցնել հայության շարքերում՝ դրանով իսկ փաստացի իրականացնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը քանդելու թուրքերի բազմամյա իղձերն ու երազանքները։ Դա առավելևս տարօրինակ է, եթե նկատի առնենք, որ «Ապագա հայկականը» նախաձեռնության բոլոր համանախաձեռնողները, համենայնդեպս՝ ներկա պահին, Սփյուռքի ներկայացուցիչներ են։ Մյուս կողմից, գուցե դա՞ է այդպիսի, ասենք այսպես, մոլորության պատճառը։

Չէինք ցանկանա կասկածի տակ առնել նամակի հեղինակների բարի մտադրությունները։ Այդուհանդերձ սա հենց այն դասական դեպքն է, երբ բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճամփան։ Քանզի մենք՝ Հայաստանում և Արցախում ապրողներս, վաղուց ենք հասկացել, թե ուր են տանում երկիրը ներկայիս «առաջնորդները»։ Ցավալի է, որ դա չեն տեսնում պատմական Հայրենիքից դուրս ապրող մտավորականները։ Ցավալի է, որ արդարացիորեն հայտարարելով այնպիսի ղեկավարության և առաջնորդների անհրաժեշտության մասին, «որոնք կհաղորդակցվեն, բայց նաև կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին», նրանք հրաժարվում են ընդունել, որ Հայաստանում գործող իշխանությունը ոչ միայն պարզապես հեռու է, այլև խորապես հակադիր է այդ չափորոշիչներին։

Սակայն անհամեմատ վատթար տարբերակ է, եթե նրանք ամեն ինչ գերազանց հասկանում են (և դա, ցավոք, շատ ավելի հավանական է), բայց, ելնելով այս կամ այն պատճառներից, կոչ են անում միավորվել ազգադավ ռեժիմի շուրջ։ Այն դեպքում, երբ ողջ աշխարհի բոլոր ողջամիտ հայրենակիցներին պարզ է մեկ բան. ջրբաժանն այսօր անցնում է Հայաստանի և հակաՀայաստանի միջև, և միասնությունը հնարավոր է միայն կողմերից մեկի շարքերում։

Թե որի՝ չուրաքանչյուր ոք ինքն է ընտրում։