ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին
«Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել շաբաթվա վերջին Բաքվում գազի ողբերգական պայթյունի կապակցությամբ։ Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի ահավոր ռազմական հանցագործությունները Ուկրաինայում և ընդգծել է ԱՄՆ-ի ու նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա հանցակիցներին Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար։
Քարտուղարը զսպվածության, դեէսկալացիայի և դիվանագիտության վերսկսման կոչ է արել։ Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցություններին, ներառյալ՝ ապրիլի 6-ին նախագահ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի (Շառլ - խմբ.) հետ։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ երկկողմ հիմունքներով փոխգործակցելով նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ Էնթոնի Բլինկենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։