Իսրայել ՉԵՌՆԻ․ ԻՍՐԱՅԵԼԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Միանգամայն ակնհայտ է, որ Իսրայելը երկար տարիներ ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, որպեսզի չառաջացնի Թուրքիայի ցասումը, գրել է Իսրայել Չեռնին Jpost-ի իր հոդվածում։
Թուրքերը այս բոլոր տարիների ընթացքում պնդել են Հայոց ցեղասպանության փաստացի պատմության իրենց տարօրինակ ժխտումը և, ինչպես հայտնի է, միլիոնավոր դոլարներ են ծախսել գրաքննության և այն զեկույցների, հոդվածների, գրքերի, մասնագիտական համաժողովների, գեղարվեստական ցուցահանդեսների և անգամ երաժշտական միջոցառումների չեղարկման վրա, որոնք նպատակ են ունեցել ինչ-որ կերպ ցավ ու հոգածություն հայտնել Հայոց ցեղասպանության առիթով։
Թուրքիայում ցմահ բանտարկվելը հնարավոր է, բավական է հրապարակայնորեն բարձրացնել Հայոց ցեղասպանության թեման, չնայած, որքան էլ տարօրինակ է, նաև մեծացել է համարձակ ինտելեկտուալների և արվեստագետների մի սերունդ, որին հաջողվել է փոխանցել հայ ժողովրդի կոտորածի հիշողությունն ու ողջ մնալ, որոնցից շատերը, սակայն, ստիպված են եղել անցնել կառավարությանը վիրավորելու վերաբերյալ ցավագին դատավարություններով։ Ակնհայտ է, որ թուրքերը շատ լուրջ են մոտեցել այս հարցին։ Կարելի է ասել, որ դա ուրիշի մոր հասցեին հայհոյանքի դեմ ամերիկյան թաբուի թուրքական վարկածն էր. այն ժամանկներում ծեր ու բարի ամերիկյան ծովային հետևակին նման բան ասելը անվերապահորեն նշանակում էր ապտակ վաստակել, իսկ Թուրքիայում դուք կհայտնվեիք բանտում, եթե խոսեիք Ցեղասպանության մասին։
Այսպիսով, մեծ երկրները, ինչպիսին են Միացյալ Նահանգները, և ըստ իս, Իսրայելը, արժանի են, որպեսզի նրանց այսպես բնորոշեն. վախեցել են միջամտել Թուրքիայի համար զգայուն այս հարցին։ Times of Israel-ի հոդվածում Լազար Բերմանը նշել է. «Շատ երկրներ չեն ընդունել Ցեղասպանությունը՝ Թուրքիայի արձագանքից վախենալով, որը հաճախ կապվել է այն բանի հետ, որ նրանց դեսպանը հետ է կանչվել որոշակի ժամանակով։ Այսպիսին էր Անկարայի արձագանքը 2011թ., երբ Ֆրանսիայի Ազգային ժողովընընդունեց օրենք, որն արգելում էր Հայոց ցեղասպանության ժխտումը։ Նա նաև հետ կանչեց Վատիկանի իր դեսպանին, երբ Ֆրանցիսկոս պապը օգտագործեց «ցեղասպանություն» բառը 2015թ. կոտորածի 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, և Գերմանիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Բունդեսթագը 2016թ. ընդունեց բանաձև, որում հայերի սպանություններն անվանվել էին ցեղասպանություն»։
Բարեբախտաբար, Բերմանը, այնուամենայնիվ, այն կարծիքին էր, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, որևէ քայլ չի ձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, և դա հաստատվեց։ Իրականում անգամ նախկինում, երբ Թուրքիան անհամեմատ ավելի քիչ էր լարված տնտեսական և քաղաքական առումներով, քան այսօր, նրա բնութագրական modus operandi-ն այն էր, որպեսզի վիրավորանքների և սպառնալիքների (ներառյալ կոնկրետ հայտարարությունները հիմնական տնտեսական հարաբերությունների խզման մասին) ալիքով արձագանքի, որոշ դեպքերում թվում էր, թե նրանք փորձելու են իրականացնել իրենց սպառնալիքները, բայց հետո բավական հետևողականորեն հրաժարվում էին պատասխան միջոցներից և վերականգնում գրեթե լիարժեք հարաբերությունները։
Իսրայելը երկիր է, որը հատկապես հպարտանում է այն բանով, որ չի վախենում և հպարտ ու ամուր դիմակայում է վիթխարի Սամսոնակերպ ախոյաններին։ Նվաստացուցիչ և տարօրինակ է այն, որ տարրական էթիկայի և փաստացի ճշմարտության հարցերում Իսրայելն այնքան հեզ էր, քծնող ու ստորաքարշ, որ չի կարողացել հասարակ պատիվ դրսևորել զանգվածային ցեղասպանության հետևանքով այլ ժողովրդի տառապանքների և ավերածությունների ընդունման հարցում։ Մի՞թե մենք՝ իսրայելցիներս, չենք կարող պատկերացնել, որ կարող ենք ասել Թուրքիային. «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում ձեզ՝ որպես կարևոր երկրի, և երջանիկ ենք ձեզ հետ սերտ համագործակցելու համար, բայց մեր սեփական մշակույթը ենթադրում է հստակ պատասխանատվություն՝ իրեն նույնականացնելու մի ժողովրդի հետ, որի պատմական գրառումները, որոնք հաստատվել են ամբողջ աշխարհի գիտնականների ճնշող մեծամասնության կողմից, ցույց են տալիս, որ նա ենթարկվել է բնաջնջման։ Ճշմարտությունն այն է, որ դա համընդհանուր խնդիր է ամբողջ մարդկության համար, և, ինչպես ցույց տվեց Գերմանիան, կարելի է իր պատմության մեջ ճանաչել ցեղասպանությունը և շարունակել ավանդ ներդնել ավելի լավ կյանքի կառուցման համար ինչպես իր, այնպես էլ այլ ժողովուրդների համար»։
Արդյո՞ք մեզ ավելի ուժեղ չենք զգա, եթե, ասենք, այսպես խոսենք։
Քանի որ Իսրայելը դեռևս զգուշանում է Թուրքիայի արձագանքից, նա արտասովոր հնարավորություն ունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ ամերիկյան ճանաչման առաջին տարելիցի հովանու ներքո։ Իսրայելի կողմից Հայոց ցեղապսնաւոյթան ճանաչումը ԱՄՆ-ի ճանաչման հետ շաղկապելը նույն օրը՝ ապրիլի 24-ին, Իսրայելի համար կապահովի նաև պաշտպանության լրացուցիչ մակարդակ, քանի որ Իսրայելի դեմ ցանկացած հատուցում կնշանակի նաև հարձակում ԱՄՆ-ի դեմ։ Ինչպես ասել է նախագահ Ջո Բայդենը. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքի մասին, ովքեր զոհվեցին օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, և նորից պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը... ամերիկացի ժողովուրդը հարգում է բոլոր հայերի հիշատակը, ովքեր զոհվեցին ցեղասպանության հետևանքով»։