ԱՄՆ-ն արգելափակել Է ՌԴ բանկային հատվածի ավելի քան երկու երրորդը

ԱՄՆ-ն լիովին արգելափակել է ռուսական բանկային հատվածի ավելի քան 2/3-ը և արգելել է նոր ներդրումներ անել Ռուսաստանի տնտեսության մեջ։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա նշել է, որ արևմտյան պատժամիջոցների արդյունքում ռուսական տնտեսությունը կդադարի մտնել խոշորագույն քսանյակի մեջ:

«Միայն այս տարի, ԱՄՀ կանխատեսումների համաձայն, տնտեսական ցնցումն ի չիք կդարձնի վերջին 15 տարվա ձեռքբերումները։ Նախկինում Ռուսաստանը աշխարհի 11-րդ խոշորագույն տնտեսությունն էր։ Հիմա շատ հավանական է, որ դուրս գա քսանյակից», - ասել է պաշտոնյան։

Միաժամանակ ԱՄՆ-ն կարող է ուժեղացնել կամ թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Դրանք այնպես են մշակված, որ բավական ճկուն լինեն։ Մենք կարող ենք ուժեղացնել և թուլացնել պատժամիջոցները՝ կախված հանգամանքներից», - հայտարարել Է Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պաշտոնյայի խոսքով` ԱՄՆ-ն մերժում է այն կապիտալը, տեխնոլոգիաները, տաղանդները, որոնք կարող էին մուտք գործել Ռուսաստան։

Բացի այդ, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի դուստրերի, Սերգեյ Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մի շարք անդամների նկատմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: