ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹՈՒՐՔԱՄԵՏ ՇԵՂՈՒՄ ՈՒՆԻ

44-օրյա պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց ակտիվորեն ուռճացնել Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին անհայտ կորածների և զոհվածների աճյունների որոնման թեման: Իհարկե, ադրբեջանական իշխանություններին երբեք չեն հուզել և չեն հուզում սեփական քաղաքացիների ճակատագրերը, և բարձրացված աղմուկը զուտ քարոզչական բնույթ է կրում։ Ընդ որում հարցն արծարծվում է, բացի ամենից, նաև բոլորովին վերջերս՝ մեկուկես տարի առաջ գերեվարված և անհայտ կորած հայերի հայտնաբերման թեման խլացնելու մտադրությամբ։

Օրերս Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ հայկական կողմը իրենց է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող 100 մարդու աճյուն, ընդ որում նրանցից 60-ի ինքնությունն արդեն պարզված է: Հաղորդագրությունը տարակուսանք ու մի շարք հարցեր առաջացրեց թեմային լավատեղյակ փորձագետների մոտ։

Օրինակ, թե հատկապես ի՞նչ համաձայնագրի շրջանակներում են փոխանցվում աճյունները, ինչո՞ւ է գործընթացը միակողմանի բնույթ կրում, խոսքը արտաշիրմման մասի՞ն է, և կոնկրետ որտե՞ղ է այն անցկացվում։ 30 տարի առաջ զոհվածների աճյունների ի՞նչ փոխանցման մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ Բաքվի իշխանությունները համառորեն հրաժարվում են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հայկական կողմի համար կարևորագույն կետերից մեկը՝ բոլոր ռազմագերիների և պատանդների վերադարձը:

Իրականում այս տարվա փետրվարին, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանը հաղորդեց, որ վերջին տարիներին Ադրբեջանին է փոխանցվել անհետ կորած համարվող 108 մարդու աճյուն: Նշելով, որ Բաքուն շահարկում է այդ հարցը, նաև հայտարարեց. «Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն մոտ 4 000 անհետ կորած, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ. պաշտոնական թվերով՝ 777 անհետ կորած ունենք։ Փորձ է արվում ներկայացնել, որ հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին»։

Այնուհետ Նիկոլը հպարտությամբ հայտնեց, որ մարմինները փոխանցվել են առանց որևէ նախապայմանի, քանի որ «ճիշտ չենք համարում, որ դա դառնա սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն»: «Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզներին՝ վերադարձնելով առանց պայմանի։ Բացի այդ, առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։ Ընդ որում, այս թեմայով Հայաստանի աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին։ Այդ հարցում Հայաստանը ակնկալում է համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ»,- եզրափակեց նա։

Նախ՝ պետք է նշել, որ Առաջին պատերազմի արդյունքներով հայկական կողմն ունի ոչ թե 777, ինչպես հայտարարել է Փաշինյանը, այլ ավելի քան 1000 անհայտ կորած։ Հենց այդ թիվն են մշտապես նշել փորձագետները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ին առընթեր գործող Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչները։ Բայց քանի որ փորձագետների կարծիքը դե-ֆակտո կառավարության և դրա ղեկավարի համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, իսկ նշյալ կառույցը «աննկատ» լուծարվել է իշխանությունների կողմից, Նիկոլը սխալ թիվ է հնչեցնում նույնիսկ այդչափ ցավոտ հարցում:

Այնուհետ ուշադրություն դարձնենք գործընթացի մեկնարկի ժամկետներին, որը, կրկնեմ, ընթանում է Բաքվի հետ հանրությանն անհայտ պայմանավորվածությունների շրջանակներում։ Պարզվում է, որ «աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թվականի մեկնարկին», այսինքն՝ ավելի քան 3 տարի առաջ։ Այդ ընթացքում Երևանը, ինչպես պարզվում է, հակառակ կողմին է հանձնել 108 մարդու աճյուն։ Այն հարցը, թե որտեղից են հայտնվել նրանք, մնում է բաց, բայց գլխավորը բնավ դա չէ։ Գլխավորն այն է, որ հայկական կողմը դրա դիմաց չի ստացել անգամ ոչ թե աճյուններ, այլև նույնիսկ տեղեկություններ անհայտ կորածների ճակատագրի մասին, թեկուզ նրանցից մեկի։

Օրինակ, Մարաղա գյուղում, որտեղ իրականացված ցեղասպանության 30-րդ տարելիցը նշվելու է ապրիլի 10-ին, այդ սարսափելի օրը կորել է մոտ 20 մարդ. ինչպես ինքնապաշտպանության ջոկատի մարտիկներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։ Ժամանակին հավաստի տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նրանցից շատերը, ինչպեսև առհասարակ անհայտ կորած հայերը, որպես ծառա են պահվել մասնավոր տներում կամ շահագործվել որպես անվճար աշխատուժ ինչ-որ վնասակար ձեռնարկություններում, հանքերում: Ավելին, ըստ օպերատիվ տեղեկատվության, նրանցից շատերը մինչ օրս կարող են ողջ լինել, և պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը կարող էր պնդել, որ տվյալներ տրամադրվեն նրանց ճակատագրի մասին։

Սակայն Նիկոլի «մարդասիրությունը», ինչպեսև նրա քաղաքականության անխտիր բոլոր բաղադրիչներն ու վարքագծի առանձնահատկությունները, կրում է վառ արտահայտված թուրքամետ բնույթ։ Նա փոխանցում է թշնամու հարյուրավոր զինվորների մարմիններ՝ փոխարենը չստանալով ոչինչ՝ բառի բուն իմաստով։ Եվ լոկ «ակնկալում» է համանման քայլեր Բաքվի կողմից, որոնք արդեն 3 տարի շարունակ չեն արվել և դժվար թե արվեն։ Նա Բաքվին է փոխանցում ականադաշտերի քարտեզները՝ պարծենալով թշնամու նկատմամբ իր «հումանիզմով», բայց չմտածելով, թե դրանով ինչ վտանգի է ենթարկում Արցախի պահպանված մասի մեր հայրենակիցներին։ Նա ճամարտակում է, թե իբր՝ իր համար «հումանիտար հարցերը սակարկման առարկա չեն», մինչդեռ իրականում հայ գերիները վաղուց արդեն սակարկման առարկա են դարձել ինչպես իր, այնպես էլ Բաքվում բազմած իր յուզգյարի համար։

Թեպետ՝ ոչ, ճիշտ չասացի։ Ի պատասխան Փաշինյանի «մարդասիրության»՝ հայ ժողովուրդը 3 տարվա ընթացքում ստացել է ադրբեջանական զնդանների դժոխքի միջով անցած հարյուրավոր ռազմագերիներ, արդեն գերության մեջ սպանված տասնյակ զոհեր, Բաքվում պահվող և շինծու գործերով տևական պատժաժամկետի դատապարտված հարյուրավոր կալանավորներ և երկու հարյուրից ավելի (լոկ պաշտոնական տվյալներով) անհայտ կորածներ, որոնց մասին, ինչպեսև 1988-1994 թվականներին անհետացածների, Ադրբեջանը մտադիր էլ չէ որևէ տեղեկություն հայտնել։

«Անսակարկելի» հումանիտար հարցերը Փաշինյանի կատարմամբ զարմանալիորեն ակնհայտ շահի են փոխարկվում Ադրբեջանի համար, և լավագույն դեպքում զրոյական էֆեկտի, եթե ոչ կորուստների՝ Հայաստանի համար։ Պարադո՞քս է։ Այո։ Բայց միայն ոչ երևանյան դրածոների և Անկարայի ու Բաքվի սպասավորների համար։

«Առաջիկա օրերին պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել ադրբեջանական կողմին»,- փետրվարյան նույն ելույթի ժամանակ հայտարարեց «մարդասեր» Նիկոլը: Այսինքն երեք տարվա ընթացքում Բաքվից չստանալով բացարձակապես ոչինչ, նա այդուհանդերձ շարունակում է գործընթացը։ Ի՞նչ նպատակով։ Այդ մասին նույնպես Փաշինյանը հայտարարում է բացեիբաց. «Փորձ է արվում ներկայացնել, որ հայկական կողմը այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել»։ Եզրակացությունը կարող է լինել լոկ մեկը. մարմինները փոխանցվում են թշնամուն՝ բացառապես Ադրբեջանի «շահարկումները» հերքելու և կողմնակի աչքում «մարդասեր» ու «ազնվաբարո» ներկայանալու նպատակով. այդքան բան։ Հայկական շահերի մասին, որոնք շատ ավելի արդիական են 44-օրյա պատերազմի տեսանկյունից, Հայաստանի կառավարության ղեկավարը եթե անգամ խոսում է, ապա ընդամենը ոչ մի բանով ու ոչ մի կերպ չարդարացված «ակնկալիքների» համատեքստում։

Ոչ ոք չի վիճում, որ անհայտ կորածների ճակատագրի պարզումը, թեկուզև 30 տարի անց, կարևոր հումանիտար հարց է։ Բայց միայն ոչ այն դեպքում, երբ գործընթացը կրում է արտահայտված միակողմանի բնույթ, իսկ մարդասիրությունն ու միջազգային հումանիտար իրավունքն օգտագործվում են շատ ավելի նսեմ, գռեհիկ ու ցինիկ նպատակների քողարկման համար։