Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԾՐԱԳԻՐԸ

2022 թվականի 1-ին եռամսյակում հարկային եկամուտների և պետական տուրքի մասով պետական բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 400,6 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանվել է 395,4 մլրդ դրամի մակարդակում, այսինքն գերակատարումը կազմել է 5,2 մլրդ դրամ կամ 1,3%:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հարկային վճարումների ծրագրի գերակատարումը, իհարկե, կարելի է դասել դրական միտումների շարքին: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Իսկ տվյալ դեպքում՝ ում հաշվին։ Բացի այդ, պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք. որքանով է համարժեք բյուջեի հարկատուրքային ներհոսքի աճը այդ մուտքերի աղբյուրի աճի տեմպին։

Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին սպառողական գների փոփոխության վերաբերյալ հերթական հաշվետվությունը: Միանգամից նշենք, որ պատկերը բավական մռայլ է: Ընդհանուր առմամբ 2022-ի հունվար-մարտ ամիսներին սպառողական գներն աճել են 7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Առավել էական աճ է գրանցվել պարենամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գների մասով։ Դրանք թանկացել են 12,1%-ով։ Այս կամ այն չափով բարձրացել են բառացիորեն ամեն ինչի գները. ալկոհոլն ու ծխախոտը թանկացել են 7,9%-ով, հագուստն ու կոշկեղենը՝ 9,1%-ով, կոմունալ ծառայությունները՝ 3,4%-ով, կենցաղային տեխնիկան և կենցաղային իրերը՝ 5,1%-ով, առողջապահությունը՝ 1,2%-ով, տրանսպորտը՝ 4%-ով, հանգիստն ու մշակույթը՝ 10,6%-ով, հյուրանոցներն ու ռեստորանները՝ 5,3%-ով...

Բնականաբար, երկրի գրեթե բոլոր շուկաներում այդչափ էական և տոտալ թանկացումը պետք է իր արտացոլումը գտներ գանձարանի հարկային-մաքսատուրքային ներհոսքի աճի առումով։ Եվ ահա, ըստ էության, արտացոլվել է. ծրագրի գերակատարում ընդամենը 1,3%-ով՝ գների 7-տոկոսանոց աճի խորապատկերին։ Այստեղ նշենք, որ գների այդպիսի աճը նույնպես ծրագրի գերակատարում է։ Ըստ 2022-ի բյուջեի՝ տարեկան գնաճը Հայաստանում ամրագրված է 4%-ի (+/-1,5%) մակարդակում։

Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բյուջեի հարկային եկամուտների մասով «հաջողությունների» համատեքստում կարելի է արձանագրել երկու առանցքային գործոն։ Նախ, այդ «հաջողությունը» ձեռք է բերվել բնավ ոչ տնտեսության աշխուժացմամբ, ոչ էլ հարկվող բազայի ավելացմամբ, այլ գների տարրական աճով։ Այսինքն՝ քաղաքացիների եկամուտների հաշվին։ Երկրորդ, նույնիսկ դրանով հանդերձ՝ լրացուցիչ հարկային ներհոսքը չափազանց փոքր է, եթե հաշվի առնենք գների աճի մասշտաբներն ու տեմպերը։

Ակնհայտ է, որ գների համատարած աճի առումով առաջին եռամսյակն ընդամենը մեկնարկային է ընթացիկ տարվա համար։ Գազի սակագնի բարձրացումն ապրիլի 1-ից, անշուշտ, նոր թափ կհաղորդի գործընթացին։ Հաշվի առնելով մուլտիպլիկատիվ էֆեկտը՝ պարզ է, որ գների աճը շարունակվելու է և, հնարավոր է՝ ավելի արագացված տեմպերով։ Մանավանդ որ դրանում շահագրգռված է նաև կառավարությունը։ Որևէ ըմբռնելի տնտեսական ծրագրի իսպառ բացակայության պայմաններում, որի իրականացումը կարող էր ընդլայնել հարկվող բազան, հարկային լրացուցիչ եկամուտների հիմնական աղբյուր են մնում սպառողների դրամապանակները։ Միամտություն կլինի կարծել, թե այս կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել համատարած թանկացումը զսպելու ուղղությամբ