ԱՄՆ ֆիննախ․ Ուկրաինայի ճգնաժամը «հսկայական տնտեսական հետևանքներ» կունենա ողջ աշխարհի համար

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի անդամներին զգուշացրել է, որ «Արևելյան Եվրոպայում ռուսական ագրեսիան հսկայական տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս», հայտնում է AP-ն։

«Գլոբալ առումով, ճգնաժամի կողմնակի հետևանքները խորացնում են տնտեսական խոցելիությունը շատ երկրներում, որոնք արդեն իսկ բախվում են ավելի մեծ պարտքի բեռի և սահմանափակ հնարավորությունների՝ COVID-19-ից հետո վերականգնվելուն զուգընթաց քաղաքականության անցկացման առումով»,- ասել է Յելենը:

Յելենը նաև նշել է, որ «Ռուսաստանի ներխուժումը, ներառյալ Բուչայում անմեղ ուկրաինացիների դեմ իրականացված վայրագությունները, դատապարտելի են, իրենցից ներկայացնում են գլոբալ կանոնների վրա հիմնված անընդունելի վիրավորանք, և և հսկայական տնտեսական հետևանքներ կունենան ողջ աշխարհի համար»:

Նրա խոսքերը նաև վերաբերել են համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության ապահովման ու պարտքի կայունության անհրաժեշտությանը, և խնդրանք են ներառել Կոնգրեսին՝ Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին աջակցելու համար, որոնք դրամաշնորհներ և մարդասիրական միջոցներ են տրամադրում աշխարհի բնակչության ամենաաղքատ և խոցելի շերտերին, տեղեկացնում է News.am: