ՀԱՊՀ-Ի «ԽԵԼԱՑԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է ԲԱՑՎԵԼ (COWORKING SPACE)
2019-ի տարեվերջին Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների կենտրոն», որտեղ յուրաքանչյուր տարի նոր լաբորատորիաներ են վերանորոգվում։
«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած եվ վերանորոգված յոթ լաբորատորիա: Անցած տարվա վերջում վերանորոգվել է ևս մեկ լսարան, որը կծառայի որպես համատեղ աշխատանքային միջավայր՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափների համար։ Այս տարի նախատեսում ենք վերանորոգել ևս 2 լսարան։ ՀԱՊՀ-ի ուսանողներն իրենց հիմնական դասերն են անցկացնում վերանորոգված լսարաններում։
Միության գործունեության ռազմավարական կարևոր ուղղություններից է կրթությունը։ Կարևորելով կրթական համակարգ-գործատու կապը՝ մենք շարունակական ծրագրեր ենք իրականացնում այն ամրապնդելու ուղղությամբ։
Անցած տարվանից մեկնարկել է ուսանողների համար նախատեսված՝ Startup Movement նախագիծը, որն իրականացնում ենք մեր գործընկեր BANA-ի (Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց) հետ համատեղ։ Այն 21 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն նախագիծ է, որտեղ ուսանողները սովորում են մարքեթինք, ֆինանսներ, փիչինգ, անցնում են ստարտափ ստեղծելու բոլոր փուլերով և ամենակարևորը՝ աշխատում են բիզնեսից եկած խնդիրների վրա։
«Որպես երկարաժամկետ ծրագիր, մենք նախատեսում ենք համագործակցել Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի հետ, ձևավորել միջոլորտային ստարտափներ, որոնք կաշխատեն տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների վրա և տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ շեշտադրել է նորաբաց աշխատանքային տարածքի հնարավորությունները: Ուսանողներն իրենց ավարտական աշխատանքները և կուրսային նախագծերը կիրականացնեն տեխնիկապես հագեցած միջավայրում: Միևնույն ժամանակ, մասնավոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում, միջավայրը նոր հարթակ կդառնա՝ խելացի լուծումներ ստեղծելու առաջնահերթությանը լծվելու համար:
«Կառուցվածքի բացակայությունը այն կարևոր խնդիրներից է, որին շատ ստարտափներ բախվում են՝ գործունեության տարբեր փուլերում: Մենք ունենք ստարտափների ակնառու օրինակներ, որոնք ուղղակիորեն սկսել են աշխատել տնային պայմաններում: Համատեղ աշխատանքային միջավայրն (coworking space) առաջին հերթին լուծում է այդ խնդիրը՝ ուսանողների համար ապահովելով արդյունավետ և համագործակցային միջավայր՝ նոր գաղափարներ ստեղծելու և դրանք իրականացնելու համար: Համատեղ աշխատանքային միջավայրի ստեղծումը երկարաժամկետ ներդրում է, որը խելացի ուսանողներին թույլ կտա ստեղծել արժեք թե' իրենց, և թե' երկրի համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Խելացի լուծումների կենտրոնը» ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման օրինակ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում:2000թի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։