ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։

Իր հայտարարության մեջ նախագահությունը ողջունում է նաև «խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը»։

«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մինչև ապրիլի վերջը սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, տեղեկացնում է News.am։