Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ապրիլի 7-ին նախագահ Ալիևը զանգահարել է նախագահ Էրդողանին։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումը։ Նախագահ Ալիևը դրական է գնահատել ձեռք բերված արդյունքները»,- ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ալիևը նշել է, որ բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար՝ հիմնվելով Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա, «որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը»։
«Էրդողանն իր հերթին գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։
«Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և այլ հաղորդակցությունների բացումը կապահովեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, կնպաստեն տարածաշրջանի երկրների զարգացմանը»,- ասվում է հաղորդակցության մեջ։
«Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ»,- ընդգծում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է News.am-ը։