Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՎԱԿԱՆ ՈՒԺԵՂ ԵՆ ԲԱՔՎԻՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները։

Նա նշել է, որ համատեղ հայտարարության նշանակալի դրույթներից փորձագիտական շրջանակներն առանձնացրել են սահմանների սահմանագծման և սահմանազատման և երկկողմ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ հայտարարությունները, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներին ուղղված հանձնարարականը՝ սկսել խաղաղ պայմանագրի ստորագրման նախապատրաստումը:

«Սրանք բավական լուրջ հայտարարություններ են։ Համենայնդեպս, կողմերը համապատասխան մտադրություններ են հայտնել։ Ինչպես այն կիրագործվի և ինչ ժամկետներում, այդ մասին տարբեր մեկնաբանություններ են տրվում, ընդհուպ մինչև այն, որ համապատասխան համաձայնագիրը կարող է պատրաստ լինել ստորագրման արդեն հաջորդող ամսին՝ մայիսին», – ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ առայժմ բավական դժվար է որևէ բան ասել այդ կապակցությամբ։ Արեշևը կարծիք է հայտնել, որ շատ բան կախված կլինի հետագա քաղաքական-դիվանագիտական բանակցություններից և խորհրդատվություններից, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարի՝ Ռուսաստան կատարելիք այցից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումից:

«Այստեղ, պետք է ասել, որ բավական ընդհանուր մոտեցում է նկատվում, թեև, ինչպես գիտենք Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուկրաինական հարցում գտնվում են բավական կոշտ առճակատման մեջ։ Բայց ես չէի բացառի տարբեր տեսակի զինված սադրանքներն ու միջադեպերը, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ այն քաղաքական-դիվանագիտական գործընթացի վրա, որը սկսվել է Բաքվի և Երևանի միջև», – հայտարարել է Արեշևը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում հնարավոր ներքաղաքական լարվածությունն այս հարցի շուրջ է։ «Ապրիլի 5-ին ի պաշտպանություն Արցախի կայացած հանրահավաքը, որն ուղղված էր Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածության դեմ, վկայում է այն մասին, որ հայ հասարակության մեջ բավականաչափ ուժեղ են Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ տրամադրությունները», – ասաց փորձագետը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում լուրջ մրցակցություն դժվար թե լինի։ Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երեկվա հանդիպման արդյունքում հայտարարվեց հենց երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին, որտեղ կընդգրկվեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

«Տարբեր արտաքին խաղացողների ներկայացուցիչներն ինչ-որ կերպ կազդեն տեղի ունեցածի վրա։ Այս համատեքստում, ինձ թվում է, պետք է դիտարկել որոշ բրիտանացի դիտորդների՝ այս օրերին Սյունիք կատարած այցի մասին չհաստատված տեղեկությունները։ Իսկապես, անակնկալները չպետք է բացառվեն, բայց ես չեմ կարծում, որ հնարավոր է Ռուսաստանի և արևմտյան խաղացողների միջև ինչ-որ լուրջ մրցակցություն այս հարցում, քանի որ նրանք բազմիցս հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու մասին։ Բնականաբար, Մոսկվայում կհետևեն, որպեսզի այդ գործընթացը չհանգեցնի Կովկասում Մոսկվայի համար անվտանգության ռիսկերի բարձրացմանը», – ընդգծել է Արեշևը։

Նրա խոսքով՝ նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ռուսական կողմի արտաքին քաղաքական մոտեցման հիմնական հրամայականը կապված է հենց անվտանգության հարցերի հետ, որպեսզի այդ կապակցությամբ սպառնալիքներ թույլ չտան: «Իհարկե, այդ կապակցությամբ Կովկասը, Հայաստանը, Ադրբեջանը, անշուշտ, Ուկրաինան չէ, որի տարածքից Ռուսաստանի համար էքզիստենցիալ սպառնալիք է բխում։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ գործընթացները բավականին կանխատեսելի կլինեն, համենայնդեպս, ես ուզում էի դրա հույս ունենալ», – ասել է Արեշևը:

Armenia Today