Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐԸ ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ
Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր մեկնաբանությունը լրատվամիջոցին՝ հարցերը հանած․
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո, ուղիղ առումով անդրադարձ չի կատարել ղարաբաղյան հակամարտությանը, սակայն անուղղակի անդրադարձներ կան, հատկապես մարդասիրական հարցերի համատեքստում: Այդ առումով պետք է ընդգծել մի քանի դրույթ.
Նախ՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ի դեմս համանախագահ երկրների: Ուստի, հակամարտության կարգավորման հարցերը պետք է քննարկվեն այնտեղ, և դա միայն մեր դիրքորոշումը չէ, այլ նաև՝ Հայաստանի ու բոլոր երեք համանախագահ երկրների: Թեև Ադրբեջանը շատ է ցանկանում ամբողջովին փակել ղարաբաղյան հակամարտության էջը և վիժեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, սակայն հույս ունենք, որ միջազգային հետևողական գործողությունների արդյունքում կարգավորման գործընթացը կվերադարձվի իր բնականոն հուն:
Երկրորդ՝ անվտանգային բնույթի հարցերով զբաղվում է Ռուսաստանը՝ հաշվի առնելով նրա միջնորդական ու խաղաղապահ առաքելությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Հետևաբար, ակնկալիք չի էլ եղել, որ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները էական անվտանգային հարցեր կլուծեն Արցախի համար:
Երրորդ՝ թեև Ռուսաստանը նշանակալիորեն զբաղվում է նաև մարդասիրական բնույթի հարցերի կարգավորմամբ, սակայն այս ընթացքում ԵՄ-ն ևս որոշակի հաջողություններ արձանագրել է այդ առումով: Ողջունելի է, որ Եվրոպական միությունը հետաքրքրություն է ցուցաբերում մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ, սակայն մենք որոշակի վերապահումներ ունենք այդտեղ, մասնավորապես՝
Ա) Մարդասիրական հարցերը չպետք է քաղաքականացվեն ոչ մեկի կողմից, իսկ Ադրբեջանը մշտապես քաղաքականացնում է, միջազգային հանրությունն էլ հիմնականում հնազանդվում է ադրբեջանական արգելափակումներին.
Բ) Հակամարտության հետևանքով ամենաշատ ու ամենաերկարատև տառապող կողմը Արցախի բնակչությունն է, որը պետք է ստանա համապատասխանաբար ամենաշատ մարդասիրական ուշադրությունը: Այդ հարցում Արցախի միջազգային մեկուսացման վերացումը անհրաժեշտ պայմաններից մեկն է, որովհետև մեր ժողովրդի՝ հակամարտությունից բխող տառապանքները մեծապես խորանում են հենց միջազգային մեկուսացման ու ադրբեջանական խոչընդոտների հետևանքով.
Գ) Մարդասիրական ժեստերը ամենևին չեն կարող նշանակել արհեստական խնդրի ստեղծման արդյունքում ժեստի ցուցաբերում, ինչպես կատարեց Ադրբեջանը գազամատակարարման պարագայում.
Դ) Գերիների հարցը չի կարող փոխկապակցվել այլ հարցերի հետ և պետք է լուծվի անհապաղ ու անվերապահ կերպով, ի դեպ՝ Ադրբեջանի կողմից, քանի որ այն միակողմանիորեն օգտագործում է այդ հարցը որպես քաղաքական լծակ: Իսկ երկու պատերազմների հետևանքով անհետ կորածների հիմնախնդրի լուծումը երկար ժամանակ ու շատ ջանքեր պահանջող հարց է, որն առնչվում է երկու կողմերին, քանի որ և՛ հայ, և՛ ադրբեջանցի բազմաթիվ անհետ կորածներ կան, և չի կարող Ադրբեջանը մենաշնորհել այդ հիմնախնդիրը՝ մոռանալով իր պարտավորությունները.
Ե) Նույն սկզբունքը պետք է կիրառվի նաև ականազերծման հարցում, քանի որ անընդունելի է, երբ միջազգային դերակատարները խոսում են միայն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ականադաշտերի մաքրման մասին՝ մոռանալով, որ առ այսօր Արցախում ականազերծում ենք 1990-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ձևավորված ականադաշտերը: Ի դեպ, այս 30 տարվա ընթացքում Ադրբեջանը գեթ մեկ ականադաշտի քարտեզ չի տվել Արցախին, և Արցախում արձանագրվել են բազմապատիկ անգամ ավելի շատ մահվան ու վիրավորման ելքով պատահարներ, քան՝ ադրբեջանական կողմում:
Չորրորդ՝ ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ու սահմանազատման շուրջ բանակցություններին, ապա Արցախի իշխանությունները (այդ թվում՝ Ազգային ժողովը՝ 2 օր առաջ) քանիցս հայտարարել են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և մեր ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացումն անսակարկելի սկզբունք է մեզ համար:
Ուրախալի է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից հստակեցվել է, որ Արցախի կարգավիճակի հարցը ևս պետք է խաղաղության պայմանագրի առարկա լինի: Իսկ այդ կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, և այդ որոշումը պետք է պարտադիր ընդունման ու կատարման ենթակա լինի միջազգային հանրության համար: Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքի ամենաբարձր փաստաթղթերով ամրագրված իրավունքները սեփական հայրենիքում իրացնելը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել:
Հինգերորդ՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման թեզը ադրբեջանական մեկնաբանությունն է, չեմ կարծում, թե ՀՀ իշխանություններն էլ են այդպես ընկալում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես նշեցի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի տարածքի ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ, և հենց այդ տրամաբանությունն էլ գործում էր Մադրիդյան հայտնի սկզբունքներում, հետևաբար, միջազգային ընկալումն էլ է այդպիսին: Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը Արցախն ընդունում է կամ կարող է ընդունել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս»: