Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԵՆ, ՈՐ ՃԻՇՏԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼՆ Է

Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդած ադրբեջանական ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի լեռնաշղթայի ուղղությամբ փաստորեն իր հանգուցալուծումը չստացավ, նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ խնդիրը հրվել է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների դաշտ և որպես գլխավոր խնդիր մատնանշվել է ոչ թե Ադրբեջանի ներխուժումը, այլ՝ ՌԴ խաղաղապահների անգործությունը։

«Այն, որ այդ դրվագով խաղաղապահները արցախցիների ակնկալիքները չեն արդարացրել՝ չեն կանխել ադրբեջանցիների ագրեսիան և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր չեն վերադարձրել, դա ակնհայտ է։

Սակայն մեկ այլ՝ ցավոտ դրվագ կա։ Փաստացի Փաշինյանը մակերեսային մտահոգություն է հայտնում ադրբեջանական զորքերի գործողությունների վերաբերյալ, սակայն ցույց է տալիս, որ դա ՀՀ կարգավորման խնդիրը չի և, որ դա ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չի կարող խոչընդոտ լինել, առավել ևս՝ օրակարգային հարց դառնալ։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է ամրանալ Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է, ինչը բավականին մշուշոտ, եթե ոչ անիրատեսական է դարձնում ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով ելման դիրքեր վերադարձը։

Սա նշանակում է, որ Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ՝ անկանխատեսելի զարգացումներով կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը ստեղծված իրավիճակին և տարածքային կորստին համակերպվելն է», - գրել է պատգամավորը։

Aysor.am