ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԶԻՋՈՒՄՆԵՐ
Հայաստանում 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին մահացել է 6 030 մարդ, ինչը 11%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Ավելի քան կեսը (55,6% կամ 3,353 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, տվյալ ցուցանիշը 13,3%-ով ավելին է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում: Մահացության պատճառներից երկրորդ տեղում են նորագոյացությունները (14,5% կամ 875 մարդ, աճը՝ 2,9%)։ Մահվան այլ պատճառների թվում նշված են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,9% կամ 598 մարդ, աճը ՝ 41,4%), COVID-19-ը (7,7% կամ 465 մարդ, նվազում՝ 5,1%), մարսողական օրգանների հիվանդությունները (4,3% կամ 257 մարդ, աճը՝ 5,3%):
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. մահացության աճը, ընդ որում այդպիսի՝ 11% ծավալով, առավել քան տագնապալի գործոն է, որն ահազանգում է հանրային առողջապահության ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին՝ նկատի առնելով մահացության վերոնշյալ պատճառները։ Սակայն ժողովրդագրության տեսանկյունից ակնհայտ է, որ արդեն ակներև են ոչ թե խնդիրները, այլ բացահայտ ճգնաժամը։ Բանն այն է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ այս տարի արձանագրվում է բնակչության բնական աճի բացասական սալդո։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը 686-ով ավելի քիչ է, քան մահացածներինը։ Համեմատության համար նշենք, որ 2021-ի նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը 102-ով ավելի էր, 2020-ին՝ 109-ով: Այսինքն մինչ այս տարի արձանագրվել է բնակչության բնական աճի թեև համեստ, բայց այնուամենայնիվ դրական ցուցանիշ: Այժմ այդ ցուցանիշով գրանցվում է մեր չափանիշներով ռեկորդային անկում։ Եվ դա այն պարագայում, երբ 2020-ին, և 2021-ին երկրում մոլեգնում էր կորոնավիրուսը։ Չենք խոսում արդեն պատերազմի հետևանքների մասին, որոնք հանգեցրել են ստրեսների ալիքի և բնակչության առողջության խաթարման։
Կրկնեմ. պարզ է, որ մահացության ահռելի աճի հետ կապված իրավիճակը առողջապահության համակարգի գործունեության և կազմակերպման անմիջական գնահատականն է։ Բնակչության առողջության պահպանման ոլորտում ներդրվող կեղծ առաջնահերթությունների գնահատականը, ինչպիսիք են սրճարաններում ու բարերում ծխելու արգելանքը կամ աղամանների առկայությունը ռեստորանների սեղաններին: Այո, այստեղ կան առարկություններ, թե ծխելը սպանում է, իսկ աղը սպիտակ մահ է: Սակայն, համաձայնեք, հանրային սննդի օբյեկտներում չծխելը չի նշանակում ընդհանրապես չծխել։ Իսկ աղի չափազանց մեծ քանակի օգտագործումը չի սահմանափակվում աղամանների բացակայությամբ…
Բայց վերադառնանք ժողովրդագրական պատկերին։ Բնակչության բնական աճի բացասական ցուցանիշն առանձնակի մտահոգիչ է Հայաստանից բնակչության արտահոսքի հսկայական ծավալի խորապատկերին։ Նշենք, որ նույնիսկ ամենահամեստ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 50 հազար մարդ։ Այսպիսով, արտագաղթի մակարդակի համադրումը բնակչության աճի բացասական միտումների հետ՝ սրընթաց տեմպերով կրճատում է երկրի բնակչությունը։
Դեռևս մի քանի տարի առաջ ՄԱԿ-ը հրապարակեց մինչև 2100 թվական այս կամ այն երկրում ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ կանխատեսումներով զեկույց։ Ահա ուրեմն, ըստ հետազոտության, 78 տարի անց Հայաստանի բնակչության թիվը կարող է կազմել 2 միլիոնից քիչ ավելի։ Դատելով նրանից, թե ինչ տեմպերով է այսօր կրճատվում երկրի բնակչությունը, մինչև 2100 թվական ընդհանրապես ոչ ոք չի մնա։ Համենայն դեպս՝ երկրի բնիկ բնակչությունից։ Այստեղ արժե նշել, որ նույն ՄԱԿ-ի կանխատեսմամբ, արդեն 2050 թվականին ակտիվորեն աճած կլինի Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունը։ Ադրբեջանցիների թիվն ավելացած կլինի 1 միլիոնով, իսկ թուրքերինը՝ 15 միլիոնով։ Որտե՞ղ են նոր կենսատարածք փնտրելու մեր ոխերիմ հարևանները։ Ճիշտ է, այնտեղ, որտեղ այդ տարածքը զիջում ենք մենք։