Moderna-ն մոտ 765 000 դեղաչափ պատվաստանյութ է հետ կանչել Եվրոպայում

Ամերիկյան Moderna ընկերությունն ուրբաթ հայտարարել է, որ հետ է կանչել հակակորոնավիրուսային պատվաստանյութի 764 900 չափաբաժին, որն արտադրվել է Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից: Reuters-ի փոխանցմամբ՝ հետկանչի մասին ընկերությունը հայտարարել է այն բանից հետո, երբ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել:

Անվտանգության առումով ոչ մի խնդիր չի հայտնաբերվել, հայտնել են Moderna ընկերությունից՝ խոսելով խմբաքանակների մասին, որոնք հունվարին տարածվել էին Նորվեգիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Շվեդիայում:

Դեղամիջոցի արտադրողը հայտարարել է, որ օտար մարմին է հայտնաբերվել միայն մեկ սրվակում, սակայն հետ է կանչել ողջ խմբաքանակը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ընկերությունից չեն հայտնել, թե կոնկրետ ինչ են հայտնաբերել այդ սրվակում:

Անցյալ տարի Ճապոնիայի իշխանությունները կասեցրել էին պատվաստանյութի որոշակի խմբաքանակի կիրառումը, որն ընկերությունն ավելի ուշ հետ էր կանչել այն բանից հետո, երբ հետաքննության ընթացքում որոշ սրվակներում չժանգոտվող պողպատի հետքեր էին հայտնաբերվել:

Այսօրվա դրությամբ՝ ողջ աշխարհում Moderna-ի ավելի քան 900 մլն դեղաչափ պատվաստանյութ է կիրառվել COVID-19-ի դեմ, տեղեկացնում է News.am: