«Հրապարակ»․ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԴԵՄ Է, ՈՐ ԻՐ ԹԻՄԱԿԻՑ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱ

Նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց և կուսակտիվի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով` նախորդ օրն Ավինյանն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ Արաբկիրում մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին և այլն։

«ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ` Երևանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ մինչև աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի»,–գրում է թերթը։

Ավինյանին դեմ է, մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը, որը վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին իրեն ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), և ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։

Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը փորձում է բարձրացնել իր ռեյտինգը և ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը:

Sputnik Արմենիա