Ֆրանսիայում հայկական հարցի պաշտպանության կոմիտեն կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Ֆրանսիայում հայկական հարցի պաշտպանության կոմիտեն Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին հանդես է եկել համաշխարհային հանրության երկակի ստանդարտների դեմ։

Կոմիտեն գործողությունների ցանկ է հրապարակել, որը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ներխուժել է ինքնիշխան պետության տարածք, ռմբակոծել քաղաքացիական բնակչությանը, օգտագործել արգելված զինատեսակներ, ինչպիսիք են ֆոսֆորային զինամթերքը, հրահրել հումանիտար աղետ, արգելել ընդդիմադիր մեդիաներն իր երկրում:

Մինչդեռ, ինչպես երևում է աղյուսակի ստորին մասում, միջազգային հանրությունն Ադրբեջանի այդ հանցագործություններին արձագանքել է ոչ այնպես, ինչպես Ռուսաստանի դեպքում՝ այդ երկիրը չենթարկելով պատժամիջոցների, հաղորդում է «Антитопор» Telegram – ալիքը:

Այսպես, միջազգային հանրությունն անտարբերություն է ցուցաբերել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների նկատմամբ և պաշտոնական Բաքվի նկատմամբ չի ընդունել հետևյալ պատժամիջոցները՝

-ադրբեջանցի առաջնորդների բանկային հաշիվները չեն սառեցվել ԵՄ-ի և Ֆրանսիայի կողմից,

-Ադրբեջանի տնտեսությունը չի հայտնվել ԵՄ-ի և Ֆրանսիայի պատժամիջոցների տակ,

-ԵՄ-ն և Ֆրանսիան չեն հրաժարվել ադրբեջանական նավթի և գազի ներկրումից, Ադրբեջանը նախկինի պես իրավունք ունի զենք գնել ԵՄ-ից և Ֆրանսիայից,

-ՄԱԿ-ը, ԵՄ-ն և Ֆրանսիան չդատապարտեցին Ադրբեջանի վայրագությունները Հայաստանի դեմ,

-ադրբեջանցի մարզիկներին չեն հեռացրել միջազգային տարբեր ֆեդերացիաների մրցումներին մասնակցելուց։

Ըստ Telegram-ալիքի՝ հայկական հարցի պաշտպանության կոմիտեն գտնում է, որ Ադրբեջանը պետք է հայտնվի արևմտյան երկրների պատժամիջոցների ներքո:

Armenia today