Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է ԻԲՐև ԴԱՇՆԱԿԻՑ, ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ
Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:
Դեսպանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն: Հայ և ռուս ժողովուրդները, ասում է դեսպան Կոպիրկինը, շատ մեծ ճանապարհ են անցել իրար հետ, և պատմական այդ ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումներն ու փորձությունները ստեղծել են երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ե՛ւ քաղաքականությանը, ե՛ւ տնտեսությանը, ե՛ւ անվտանգության ոլորտին:
Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են Խորհրդային Միության փլուզումից և անկախացումից հետո՝ 1992 թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի օրը՝ 2022 թ. ապրիլի 3-ին, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները փոխանակվեցին ուղերձներով: Ի դեպ, այս տարի նշվելու է նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մեկ այլ կարևոր տարեդարձ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: Հիմնարար այս փաստաթուղթը ստորագրվել է 1997 թ. օգոստոսի 29-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից:
Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնց բնորոշ է ամենաբարձր և բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը: Կողմերի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, այդ թվում՝ 1997-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 841 մլն 153.568 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում՝ արտահանումը կազմում է ավելի քան 847 մլն 251 հազար դոլար, իսկ ներմուծումը (ըստ արտահանող երկրի)՝ 1 մլրդ 993 մլն 902 հազար դոլար:
- Պարոն Դեսպան, ինչպես գիտեք՝ այս տարի Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ս. թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի առիթով փոխանակվել են ուղերձներով: Այս կապակցությամբ կուզեի հարցնել՝ շատ հաճախ երկու կողմն էլ ընդգծում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն: Ասացեք, իսկ ի՞նչն է առանձնահատուկ դարձնում հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կգնահատեք 30-ամյա այն ճանապարհը, որ հաղթահարել են Հայաստանն ու Ռուսաստանը անկախության շրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:
- Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները առանձնահատուկ են դարձնում այն արժեքները, այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ռուս և հայ ժողովուրդների միջև հարյուրամյակների ընթացքում, և այն, ինչ արվել է վերջին 30 տարիներին, համոզված եմ, որ անքակտելիորեն կապված է պատմական այն ողջ ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում մեր ժողովուրդներն առնչվել և փոխգործակցել են: Եվ մեր պատմության այս ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումները, համատեղ փորձությունները ստեղծել են մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության ոլորտին, այլ առաջին հերթին հոգևոր ընդհանրությանը, զգալի առումով՝ քաղաքակրթական, մտավոր ընդհանրությանը, և այն ժառանգությունը, որ այսօր ունեն մեր երկրները մշակույթի, պետականաշինության, հասարակական-քաղաքական, տնտեսական մշակույթի ոլորտներում, զգալի առումով մեր ժողովուրդների փոխգործակցության արդյունքն է:
Եթե խոսում ենք հետխորհրդային շրջանի մասին, ապա վերջին 30 տարվա ընթացքում, իհարկե, մեր հարաբերությունները նոր բնույթ են ստացել՝ երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ: Բայց քանի որ դրանք դրված են շատ ամուր հիմքի վրա, այդ հարաբերությունները մնացել են եղբայրական, դաշնակցային, և այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին, ըստ իս՝ այս 30 տարվա ընթացքում ոչ միայն պահպանվել է, այլև ամրապնդվել է և հարմարվել է նոր իրողություններին:
Իսկ խոսել հանրահայտ այն փաստերի մասին, թե ինչպես ենք մենք կախված միմյանցից տնտեսապես, անվտանգության, քաղաքական ոլորտներում, մեր բազմաթիվ մշակութային, միջանձնային կապերում, կարծում եմ՝ ավելորդ է. բոլորս էլ շատ լավ գիտենք դա:
- Հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, այլ նախ և առաջ հայերի և ռուսների, հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների հիմքը: Էթնիկ առումով մենք, իհարկե, տարբեր ենք, թեև հավատքը նույնն է: Ամեն դեպքում, մենք շատ լավ ենք իրար հետ լեզու գտնում և շատ լավ հասկանում ենք իրար: Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում, շատ ռուսներ կան նաև Հայաստանում, մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան հատկապես վերջին տարիներին: Ո՞ր գործոնները, հոգևոր և մշակութային ո՞ր արժեքներն են, Ձեր կարծիքով, մերձեցնում հայ և ռուս ժողովուրդներին:
- Հենց այն, ինչի մասին խոսում էի: Իսկապես, մեր հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն, մենք իսկապես շատ մեծ ճանապարհ ենք անցել իրար հետ, և մեզ մերձեցնում են հոգևոր արժեքները և մշակույթը: Իսկապես, մեր ժողովուրդների մշակույթը զարգացել է շատ սերտ միահյուսման մեջ: Դրանք, կարծում եմ, ընդհանրության բազմաթիվ տարրերն են մեր գիտակցության մեջ:
- Խոսքը հավանաբար հիմնականում խորհրդային կամ հետխորհրդային ժառանգությա՞ն մասին է:
- Գիտեք, ես դա չէի տանի դեպի խորհրդային կամ հետխորհրդային երևույթներ: Մենք իսկապես ապրել և փոխգործակցել ենք միասին դարեր շարունակ՝ պատմական տարբեր շրջափուլերում և շատ մեծ ազդեցություն ենք գործել միմյանց վրա՝ մշակութային, մտավոր, հոգևոր, և այսօր այդ ամենը, բնականաբար, իր արտացոլումն է ունենում:
- Իսկ ի՞նչ ընկալում ունի Հայաստանը Ռուսաստանում:
- Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում:
- Որո՞նք են Ռուսաստանի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան, Ձեր կարծիքով՝ ո՞ր ուղղությամբ դրանք կզարգանան՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Հայաստանի նոր մարտահրավերները:
- Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա մեր ընդհանուր շահն, իհարկե, այն է, որ պահպանենք և բազմապատկենք մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կուտակված այն հարստությունը, այն վաստակը, որ մենք ունենք այսօր, և հարմարեցնենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնենք դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց մեր երկրները առերեսվել են:
Ի դեպ, այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի մեր ընդհանուր մասնակցությունը ինտեգրացիոն միավորումներին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի անցկացումը այնպիսի արդիական թեմայով, ինչպիսին է «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո», որը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Երևանում, խոսում է այն մասին, որ դա իսկապես մեր փոխհարաբերությունների շատ կարևոր մասն է: Ինտեգրացիոն գործընթացների զարգացման, աշխարհի փոխկախվածության խորացման դարաշրջանում հարաբերությունների նշված ասպեկտը շատ կարևոր է, և երկու կողմն էլ ամբողջությամբ գիտակցում են այդ կարևորությունը:
- Այս համատեքստում, հատկապես վերջին շրջանում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ աղոտ հեռանկարներ են նշմարվում, ակնարկներ են հնչեցվում Ռուսաստանի և Բելառուսի միասնական պետության ընդլայնման, այլ խոսքերով՝ Ռուսաստանի առաջնորդությամբ և իր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին ընթացող ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին: Այդպիսի ակնարկ վերջերս Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցի ընթացքում արել է, օրինակ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ: Կա՞ արդյոք այդպիսի իրական հեռանկար, որ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածությունում կարող են այդ ուղղությամբ տարվել:
- Ինչպես արդեն ասացի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և մեր բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և մենք պատրաստ ենք գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է մեր երկրների շահերին: Բայց ուզում եմ ընդգծել շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են: Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են, առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից:
Հիմա մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ մենք դրան վերաբերվելու ենք:
Արամ Սարգսյան, «Արմենպրես»