ՇԱՀԲԱԶՅԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Վաստակավոր շինարար Լևոն Շահբազյանն այսօր կդառնար 90 տարեկան։ «Նա նահապետ էր, մասնագիտական որակի չափանիշ և ուսուցիչ բոլորի համար». նման խոսքերով են նկարագրում Լևոն Կարպիչին նրա ընկերները, գործընկերներն ու հարազատները:

ТРАДИЦИИ ШАХБАЗЯНОВСКОЙ ШКОЛЫ ПРОДОЛЖАЮТСЯ

Պատմել Լեվոն Շահբազյանի մասին՝ նշանակում է խոսել մեծատառով մարդու, ղեկավարի, կազմակերպչի, իսկական շինարարի և վառ անհատականության մասին: Հենց այս ամենի հանրագումարը պայմանավորեց նրա շուրջ 50-ամյա աշխատանքային ուղին՝ աշխղեկից մինչև շինարարական տրեստի կառավարիչ և շինարարության նախարար:

Այդ տարիներից երեսունն անխզելիորեն կապված են խորհրդային ժամանակների ամենաճանաչված շինարարական կազմակերպություններից մեկի՝ «Երարդշին» տրեստի հետ:

1953-ին, ավարտելով ԵրՊԻ-ի հիդրոտեխնիկական շինարարության ֆակուլտետը, Լևոն Շահբազյանն անմիջապես աշխատանքի անցավ հենց այս շինարարարկան տրեստում, որտեղ ձեռք բերած մասնագիտական փորձի,  մարդկանց հետ վարվելու եզակի ձիրքի շնորհիվ շուտով նրան վստահվեցին շինվարչության գլխավոր ճարտարագետի, այնուհետև պետի պատասխանատու պաշտոնները: 1975 թ. նա արդեն «Երարդշին» տրեստի կառավարիչն էր: Նրա ղեկավարության տասը տարիների ընթացքում կազմակերպությունը մշտապես ավանգարդում էր՝ դառնալով համամիութենական բազմաթիվ մրցույթների հաղթող և արժանիորեն գնահատվելով բացառիկ շռայլությամբ: Բավական է նշել, որ միայն 1975-1980 թթ. «Երարդշին» տրեստը հինգ անգամ արժանացավ միութենական բարձրագույն պարգևների, տրեստի անունը ոսկե տառերով էր գրված ԽՍՀՄ ժողտնտեսության ցուցահանդեսի Պատվո տախտակին: 

ТРАДИЦИИ ШАХБАЗЯНОВСКОЙ ШКОЛЫ ПРОДОЛЖАЮТСЯ

Այդ տարիների ընթացքում շահագործման հանձնվեցին մոտ 150 արդյունաբերական, հատկապես, ռազմաարդյունաբերական խոշոր միավորումներ, կուլտուր-կենցաղային, բնակելի շենքեր, թաղամասեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլ կառույցներ:

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի վերանորոգումից հետո հայ ժողովրդի պարծանքը համարվող ճարտարապետական այս գոհարը նոր շունչ առավ: Թե ինչպիսի բծախնդրությամբ ու ինքնամոռաց նվիրումով իրականացվեց այդ աշխատանքը՝ շատ է խոսվել. Օպերայի շենքի վերանորոգման գիտական մոտեցումն ու բարձրորակ իրականացումը թերևս բավական էին Լևւոն Շահբազյանին և նրա ղեկավարած «Երարդշին»-ին շինարարի մեծ համբավ բերելու համար:

Շահբազյանը կների ամեն ինչ, բացի անորակ աշխատանքից: Սա բոլորը գիտեն: Նրան էին վստահվում ամենապատասխանատու օբյեկտները: Հարկավոր էր վերանորոգել Օպերայի թատրոնի շենքը` Լևոն Կարպիչն այնտեղ էր, հիմնանորոգվում էր Լազարյան ճեմարանը` Լևոն Կարպիչն էր հրավիրվում Մոսկվա, քաղկոմում ստեղծվեց որակի տեսչություն` նախագահը Լևոն Կարպիչն էր…

«Երարդշինի» դպրոցն ու նրա կադրերին ո՞վչգիտե: Այնտեղի կարգ ու կանոնը, որակը, շինարարին հատուկ արժանապատվությունը ուրիշ էր: Պահանջկոտ էր թե՛ իր, թե ՛ աշխատողների նկատմամբ, այդուհանդերձ, մարդիկ դիմում էին այն վարչությունում կամ տրեստում աշխատելու համար, որը ղեկավարում էր նա:

Ինչպե՞ս էր Շահբազյանին հաջողվում ընտրել կադրերին: Նույնիսկ երկար տարիներ նրա հետ աշխատած գործընկերները դժվարանում են պատասխանել այս հարցին: Հավանաբար նրա հմտությանն ու բազմակողմանի զարգացածությանը գումարվում էր տասնյակ երիտասարդների մեջ հենց շինարարին տեսնելու և առանձնացնելու կարողությունը: Շինարարական ֆակուլտետը մոտ 1000 շրջանավարտ էր տալիս, որոնց մեծ մասը կոփվում, «եփվում» էր շինհրապարակներում: Լևոն Կարպիչը հաճախ էր մասնակցում բուհի դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը, քննություններին: Կադրերի այս դարբնոցից շինհրապարակներում գործնական պարապմունքների մասնակցողներից ընտրում էր շնորհալիներին, հրավիրում աշխատանքի: Դրանից հետո շատ կարճ ժամանակում կարողանում էր որոշել՝ այդ մարդը շինարար կդառնա՞, թե ոչ: Խստապահանջ էր, միևնույն ժամանակ խորհրդատու, ուսուցիչ, օգնական:

ТРАДИЦИИ ШАХБАЗЯНОВСКОЙ ШКОЛЫ ПРОДОЛЖАЮТСЯ

1986թ. շինհրապարակի եռուզեռին փոխարինելու եկավ վարչական ոչ պակաս դժվարին ու պատասխանատու աշխատանքը: Լևոն Շահբազյանը նշանակվեց հանրապետության արդյունաբերության շինարարության առաջին փոխնախարար, երկու տարի անց` նախարար: Նրան վստահվեցին Երևանի զարգացման հեռանկարային ծրագրերի իրականացման աշխատանքները:

1988 թվական: Երկրաշարժ: Այստեղ ևս առաջիններից մեկը Լևոն Շահբազյանն էր ու «Երարդշինը»:

Նստակյաց աշխատանքն իր համար չէր: Ամբողջ էությամբ, բոլոր թելերով շինհրապարակի հետ կապված լինելով` մտովի այնտեղ էր: Թերևս այդ անհանգիստ և պրպտուն միտքն էր պատճառը, որ տարիներ անց գերատեսչական աշխատանքին կրկին հաջորդեց շինարարությունը` իր իսկ հիմնադրած «Ակունք» ընկերությունում: Իհարկե, հազիվ երկու տասնյակ աշխատակից ունեցող ընկերության գործունեությունը հնարավոր չէր համեմատել «Երարդշինի» իրականացրած հսկայածավալ շինարարության հետ:

Իր երկարամյա, անդուլ ու նվիրված աշխատանքով Լևոն Շահբազյանը գնահատվել է ըստ արժանվույն: ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի վաստակավոր շինարար, Երևանի պատվավոր քաղաքացի և Ռուսաստանի պատվավոր շինարար: 2002 թվականին , նա է առաջինը արժանացել Հայաստանի շինարարների միության պատվավոր անդամի կոչմանը:

Վաստակաշատ շինարարն իր արժանի տեղն է զբաղեցրել նաև ճարտարապետա - շինարարական համալսարանի պատմության մեջ, որի գնահատականը` համալսարանում սահմանված «Լևոն Շահբազյան»ոսկե մեդալն է և իր անունով բացված լսարանը:

Շահբազյանի դպրոցն անցած կադրերից շատերն այսօր շինարարության ոլորտի հայտնի դեմքեր են, հմուտ և ճանաչված ղեկավարներ, շինարար- ինժեներներ: Նրանք իրենց ուսուցչի մասին կարող են անվերջ պատմել, հետո այդ ամենն ամփոփել մեկ կարճ նախադասության մեջ. «Շատ արժանապատիվ մարդ էր...»:

Մեծ Շինարարի դպրոցում թրծված սաների` Գագիկ Գալստյանի, Էդուարդ Թառանյանի, Համլետ Ռշտունու, Գրիշա Չախոյանի, Նիկոլայ Վանյանի, Գրիշա Ղուկասյանի, Էդուարդ Ռևազյանի, Կամո Սարգսյանի, Ռուդիկ Ուրումյանի և շատ ուրիշների ձեռագիրերն այսօր էլ ճանաչելի են մեր հայրենիքում օրեցօր վեր հառնող, արդյունաբերական, հասարակական, ուսումնական, հոգևոր, մշակութային և այլ կառույցներում:Ոլորտին քաջատեղյակները համակարծիք են` աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը գենետիկորեն մտել է բոլոր երարդշինցիների մեջ: Մտել, ու էլ երբեք դուրս չի գալու:

ՀՀ շինարարների միություն, ՀՀ ճարտարապետների պալատ