Տեղ հասավ․ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ ՀՀ–ի շրջափակումը չհաղթահարվի, այլ խորանա

Ադրբեջանը փորձում է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը`ավելի խորանա։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը ճանապարհների բացման Հայաստանի շահագրգռվածությունն ուզում է փակուղի մտցնել` փորձ անելով այն վերածել միջանցքային խոսակցության։

«Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակ անընդունելի է մեզ համար։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը`ավելի խորանա, կամ էլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս է պատճառը, որ Հայաստանը պետք է այս հարցում ցուցաբերի մաքսիմալ ճկունություն, միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով իր սկզբունքային դիրքորոշումներն ու տարածքային ամբողջականությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։