Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը մտել է դատաքննության փուլ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր այսօր դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության։
Ինչպես հայտնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից` Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին. մասնավորապես` 2021 թ․ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում իր ելույթում մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ այդ ժամանակահատվածում ՀՀ երկրորդ նախագահն ընդամենը մեղադրվելիս է եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։
«Վարչապետն այնպիսի բաներ է ասել, որ տպավորություն է ստեղծվել, թե 300․1-ով մեղսագրվող արարքներն արդեն հաստատված են։ Այդ տեքստը մենք համարում ենք ոչ միայն զրպարտչական, այլ նաև անմեղության կանխավարկածը խախտող», - ասել է Ալումյանը։
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղաքացիական գործն այսօր կայացած դատական նիստով մտել է դատաքննության փուլ։
Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։