Մհեր Գրիգորյան․ Կառավարությունն ավելի քան 136 մլրդ դրամ է հատկացրել Ղարաբաղին աջակցելու համար

Ղարաբաղի կառավարությանն ու քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնականոն կյանքի ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ընթացքում իրականացրել է ավելի քան 20 միջոցառում՝ ավելի քան 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից 120 մլրդ դրամը տրամադրվել է 2021թ.: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ պետությունն արդեն 2020 թվականի վերջին անվճար բժշկական օգնություն և սպասարկում է երաշխավորել Ղարաբաղում ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժածներին։

«Ամբողջ 2021 թվականի ընթացքում և առ այսօր Երևան-Ստեփանակերտ երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են ապահովվում։ Միայն 2021 թվականին այդ նպատակների համար հատկացվել է 175 մլն դրամ։ Այս ընթացքում իրականացվել է շուրջ 590 փոխադրում, որոնցից օգտվել է ավելի քան 25000 մարդ»,- ասաց փոխվարչապետը, տեղեկացնում է News.am։