Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում
Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է։ Այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը` հավելելով, որ դա այն կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու։
«Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման ու կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության ու հայ ժողովրդի համար»,– ասաց Աժ նախագահը։
Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։
«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար, մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,– ասաց Թովյմասյանը։
Արցախի խորհրդարանի ղեկավարն իր ելույթն ավարտեց Արցախի 3 պատերազմների զոհերի ու 2022թ–ի մարտին Քարագլխի մոտ զոհված նահատակների հիշատակին լռության րոպե հայտարարելով։
Դրանից հետո Արցախի խորհրդարանն անցավ օրակարգում ներկայացված հայտարարության քննարկմանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։