Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է եղել` ի պաշտպանություն Արցախի

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց երեկ` ապրիլի 14–ին, կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Տեղեկությունը` կից տեսանյութերով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի օգնական Լիլիթ Ասրյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին Արցախի դրոշն էր, հնչում էր Արցախի Հանրապետության օրհներգը, Սևակ Խանաղյանի և Սոսի Խանիկյանի «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի» երգը։

Ակցիայի կարգախոսը Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» աքրոստիկոսն էր։

«Այսօր այս խոսքերն առավել քան արդիական են։ Ուրեմն` անհապաղ ի գործ, քանզի զոհասեղանին է դրված ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության լինելության հարցը։

Պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին։ Այն հայրենիքին, որը բացի պատմականորեն մեզ պատկանելուց, պահվել է հազարավոր հայորդիների արյան գնով»,- գրել է Լիլիթ Ասրյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։