Քերոբյան․ ՌԴ-ից 75 000 մարդ է եկել Հայաստան

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր այդ երկրից Հայաստան է տեղափոխվել 2 000 մարդ, Ռուսաստանից` շուրջ 75 000։ Նրանց գրեթե կեսը Հայաստանի քաղաքացիություն ունի։ РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նաև հայտնել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են ավելացնել վարձով բնակարանների թիվը և այդկերպ կարգավորել վերջին շրջանում 20-25%-ով աճած վարձակալության գները։

«Իրավիճակը կարգավորելու համար իշխանությունները աշխատում են կառուցապատողների և անշարժ գույքի գործակալների հետ՝ չբնակեցված բնակարանները վարձակալության շուկա բերելու համար։ Կառուցապատողներ կապ են հաստատում տների և բնակարանների սեփականատերերի հետ, որպեսզի, եթե մոտ ապագայում նրանք մտադիր չեն բնակվել դրանցում, կարողանան այդ գույքը վերցնել տնօրինության տակ և փոխանցել այսպես կոչված վարձակալության բնակարանների շուկա»,– ասել է Քերոբյանը։

Բացի այդ, Երևանում կան մի քանի տասնյակ հազար չբնակեցված երկրորդային բնակարաններ, և , ըստ նախարարի, գործակալները փնտրում են դրանց տերերին, որոնք հիմնականում Հայաստանում չեն, այդ բնակարանները ևս վարձակալության հանձնելու համար։

Քերոբյանը հույս է հայտնել, որ այս ամենի արդյունքում առաջիկայում որոշակի գնանկում կլինի վարձակալության շուկայում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: