Ի՞ՆՉ ՈՒՂԵԲԵՌՈՎ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ ՄՈՍԿՎԱ…
Բարդ կացության մեջ է հայտնվել՝ արևմտյան հատուկ ծառայությունների հրահանգած ստոր խարդախության պատճառով
Ապրիլի 19-ին Փաշինյանը կայցելի Մոսկվա, որտեղ, հնարավոր է, կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր, և որտեղ արդեն տեղյակ են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ցուցակի հետ կապված նրա ստորիկ խարդախության մասին: Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը հրապարակեց սկանդալային բացահայտումը պաշտոնական այցից հաշված օրեր առաջ:
Ասենք, նախքան բացահայտումն էլ շատերն էին խոսում այն մասին, որ պատգամավորների ցուցակը ռուս խաղաղապահներին է փոխանցել ադրբեջանական կողմը, իսկ նրանց այդ ազգանունները փոխանցել է Փաշինյանը կամ (իր հանձնարարությամբ) ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը՝ պատգամավորներին Ստեփանակերտ չթողնելու խնդրանքով։ Այնուհետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնում անկեղծ տարակուսանք ձևացրեց խաղաղապահների գործողությունների առնչությամբ։
Մոսկովյան այցի կուլիսներում Նիկոլը պետք է պատասխանի մի քանի բարդ հարցերի, այդ թվում՝ Արևմտյան հատուկ ծառայությունների ուղղակի հանձնարարությամբ ռուս խաղաղապահներին վարկաբեկելու փորձերի մասին։ Այդ տհաճ հարցերը կանխելու համար Փաշինյանը ապրիլի 14-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Ես էլ եմ մտածել երեկվա իմ ելույթի մասին, թե ինչ էր նշանակում իմ ելույթը»։ Այլ կերպ ասած՝ կապիտուլյանտն իրեն կրկին «գժի տեղ դրեց»։ Այդ հնարքը նա, իր իսկ խոստովանությամբ, արդեն օգտագործել է Պուտինի և Լուկաշենկոյի հետ հանդիպումների ժամանակ, երբ խոսքը վերաբերել է Արցախին։ Փաշինյանն ինքն է պատմել, որ ստիպված է եղել գիժ ձևանալ։
Խորհրդարանի ամբիոնից երկու օր հնչած անկեղծացումները հիմնովին փխրեցրին հողը մոսկովյան այցից առաջ. խամաճիկը տարվել է խաղով ու մոռացել, որ երկակի խաղ վարել կարող են միայն փորձառու քաղաքական գործիչները, իսկ իրեն ի բնե անհասու է «և՛…, և՛…» սխեման...
Սպարապետը փորձել է զավթե՞լ իշխանությունը
Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, թե 1996-ին սխալվում էր՝ համարելով, որ Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում։ Այսօր նա վստահ է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն ապագա ունի։ «Որքան ավելի հրեշավոր է սուտը, այնքան հեշտությամբ կհավատան դրան»: Այս արտահայտությունը վերագրվում է Գեբելսին, իրականում այն փոխ է առնված «Մայն կամպֆ»-ից, դրա հեղինակը Հիտլերն է: Արցախից Վիգենին պատասխանեցին, որ այդ ապագան կոչվում է «ցեղասպանություն»։
Մարդկանց մեծամանությունը մտածում է կարծրատիպերով, օրինակ՝ այն մասին, թե 1998-ին Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ են արել «հայտնի ուժերը», որոնք ձգտում էին զավթել իշխանությունը, իսկ Արցախի փրկության մասին հայտարարվում էր լոկ քողարկելու համար պալատական հեղաշրջումը։ Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ոք դատում է իրերի մասին սեփական նսեմության չափանիշներով։ Այս օրերին լիառատ էին անդրադարձերը Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Այո, Սպարապետ Վազգեն Սարգսյանը հանդես եկավ որպես Տեր-Պետրոսյանին հեռանալ հարկադրած «հայտնի ուժերի» (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արկադի Ղուկասյան) առաջատար, բայց այսօր խոսել այն մասին, թե նա արեց դա հանուն իշխանության, այլ ոչ թե հանուն Արցախի, նույնպիսի սրբապղծություն է, ինչպիսին այն պնդումը, թե Ադրբեջանի կազմում Արցախն ապագա ունի։
«Տեր-Պետրոսյանը հեռացավ` իր հետ տանելով իր համոզմունքները` թողնելով դաշտը մեզ: Եթե Տեր-Պետրոսյանն ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել: Եթե ինքն ինձ հեռացներ, ես հեռանալու էի: Բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Ես Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ: Ես չեմ ուզում դառնալ նախագահ: Ես չեմ ուզում դառնալ Ազգային ժողովի նախագահ: Ես չեմ ուզում դառնալ վարչապետ: Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար»,- ՀՀԿ արտահերթ համագումարի ամբիոնից հայտարարեց Վազգեն Սարգսյանը։ Այս խոսքերն ասվել են 1999թ. ձմռանը, հոկտեմբերի 27-ին նրա կյանքն ընդհատվեց։ Թե ինչ բան է պայքարը հանուն գաղափարի, Վիգեն Խաչատրյանի, Հովիկ Աղազարյանի, Վահագն Ալեքսանյանի, Գուրգեն Արսենյանի և Նիկոլի մնացյալ ծառայանու համար անմատչելի է ի բնե։ Նրանց գիտակցության մեջ դա տեղավորվել չի կարող։
Եթե Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառները մեկնաբանման հարց են, ապա այն պնդումը, թե 1996-ից ՀՀ ղեկավարները բանակցել են Շուշին հանձնելու շուրջ, լկտի սուտ է։ Ասենք, նրանք, ովքեր հավատացին, թե Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելու նպատակը միայն իշխանության զավթումն էր, կհավատան նաև Շուշին հանձնելու մտադրությանը։ Փաշինյանին կարելի է անվերջ ապացուցել, որ իրենից առաջ ո՛չ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ երկրորդ և երրորդ նախագահների մտքով անգամ չի անցել հանձնել Շուշին։ Նա, միևնույն է, իրենն է պնդելու, չէ՞ որ պիտի ինչ-որ կերպ բացատրի, թե ինչու է հրաժարվել 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից՝ պահելով Շուշին ու Հադրութը հայկական ԶՈՒ վերահսկողության տակ։
Ապրիլի 14-ին կապիտուլյանտը խորհրդարանի ամբիոնից կրկին բղավեց. «Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել», իսկ ապրիլի 15-ին արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, աչքն էլ չթարթելով, հայտարարեց. «30 տարի Հայաստանը եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ»։
«Դիվանագիտական մեկուսացում»՝ Մոսկվայից մինչև Ռամբույե
Դա նույնպիսի սուտ է, ինչպիսին այն պնդումը, թե Վազգեն Սարգսյանը 1998-ին ձգտում էր իշխանության։
Դե, որտեղի՞ց պիտի դիջեյն իմանա, որ միայն 1999-ին կայացել է բանակցությունների 6 փուլ՝ Մոսկվայում, Ժնևում, Վաշինգտոնում, կրկին Ժնևում, Յալթայում և վերջապես Սադարակում: Ի՞նչ գիտի նա Փարիզում տեղի ունեցած բանակցությունների մասին (2001թ.), երբ արձանագրվեց դիրքորոշումների որոշակի մերձեցում, ի՞նչ կարող է հայտնի լինել նրան Քի Վեսթում հետագա բանակցությունների մասին։ Ի՞նչ գիտի նա Ռամբույեի և Բուխարեստի մասին (2006թ.), Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցության մասին (2007թ.) և այլն։
Մարդը գործող քաղաքականություն է եկել ուղիղ գիշերային ակումբից, իսկ հիմա իր տնաբույծ պատկերացումներն է տիրաժավորում դիվանագիտության մասին։ Ի՞նչ «դիվանագիտական մեկուսացման» 30 տարի, որքա՛ն կարելի է տիրաժավորել հիտլերյան քարոզչության ձևաններով հորինված այդ հրեշավոր սուտը։
Համաձայնել է հանձնել Արցախն ու դուրս բերել 102-րդ ռուսական ռազմաբազան
«Նա չի համաձայնել Պուտինի առաջարկին, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքներով ցանկացել է հանձնել ամբողջը, իսկ Բրյուսելում Փաշինյանը համաձայնել է հանձնել Արցախը և Հայաստանի տարածքից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմաբազան», - հայտարարեց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքերով, եվրոպացիներին ու ողջ հավաքական Արևմուտքին միևնույն է, թե ում կպատկանի Արցախը, նրանց համար կարևոր է, որ Ռուսաստանը կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Իշխանյանը, ի տարբերություն Աղաջանյանի, բանիմաց մարդ է, և եթե նա խոսում է բրյուսելյան այցի ընթացքում ձեռք բերված սեպարատ պայմանավորվածությունների մասին, ապա չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունների մասին կխոսվի նաև Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։
Բնավ պատահական չէր, որ Պուտինը հրապարակեց 2020 թվականի հոկտեմբերի 19-ին իր առաջարկից Փաշինյանի հրաժարման փաստը, ընդ որում արեց դա՝ չթաքցնելով իր զարմանքը, որ Փաշինյանը Շուշիից հրաժարումը պատճառաբանել է փախստականների վերադարձի վերաբերյալ Ալիևի պայմանով։ Կարելի է կարծել, թե ադրբեջանցի փախստականներն իրոք վերադառնալու էին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող քաղաք։ Այդուհանդերձ Փաշինյանը հարյուրերորդ անգամ հայտարարեց, թե «առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել»։ Զերծ կմնանք կապիտուլյանտի ապրիլյան թեզերի մեջբերումը շարունակելուց, մանավանդ որ այս խոսակցությունը սկսել ենք ոչ թե մեջբերումների, այլ ակնարկի համար, որ խորհրդարանի ամբիոնից 2-օրյա զեղումների առիթը բնավ Չարչարանաց շաբաթը չէր և ոչ էլ նույնիսկ կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը. իրական պատճառն այլ էր…
Վիգեն Խաչատրյանի շուրթերով Նիկոլն ասաց, թե Ադրբեջանի կազմում Արցախն ապագա ունի, իսկ Հովիկ Աղազարյանի շուրթերով՝ թե 2018-ին «Հայաստանում ազգային-ազատագրական շարժում է սկսվել», բայց ամենագլխավոր միտքը նա հնչեցրեց անձամբ։ Հինգ հազար հայի կյանք զոհաբերած և Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը Ադրբեջանին հանձնած ոճրագործը հայտարարեց, թե Արցախի համար ավելի շատ բան է արել, քան իր նախորդները։ Հղում եմ կատարում հրեշավոր ստի մասին թեզին։ Ապրիլի 13-14-ի զեղումները ցույց տվեցին, որ Փաշինյանին համակել է արածի դիմաց հատուցման վախը. ասում են, որ վերջին շրջանում շատ է խմում։
Ասում են նաև, որ զեղումները ապրիլի 5-ի հանրահավաքի հետևանքն էին. ռեժիմի պարագլուխը վախեցել է և որոշել ապաշխարել երկրի գլխավոր ամբիոնից։ Գուցեև այդպես է, բայց այդ պատճառն էլ, կարծում ենք, բնավ միակը չէ։ Ապրիլյան հիստերիայի պատճառը պետք է փնտրել այլ տեղում…
Որպեսզի չկիսի Իմրամ Խանի ճակատագիրը
Բողոքի զանգվածային ակցիաների դեմ ռեժիմի պարագլուխն ունի ռեպրեսիվ ապարատ և մորեգույն բերետներ, որոնք կարող են մեկ շարժումով կոտրել ցանկացածի ձեռքը: Պատահական չէ, որ Փաշինյանն ի լուր ամենքի հայտարարեց բանտախցերում ազատ տեղերի մասին։
Ռեժիմի պարագլուխը վախենում է ամենևին ոչ ընդդիմությունից, ոչ էլ երկրորդ և երրորդ նախագահներից, որոնց գրեթե հաջողվել է ռեժիմի դեմ պայքարի մոբիլիզացնել հասարակության բոլոր առողջ ուժերին. նա վախենում է հատուցումից՝ այն բանի համար, որ փորձել է «քցել» Պուտինին և թույլ է տվել ներքաշել իրեն երկակի խաղի մեջ: Փաշինյանը շատ լավ գիտի, որ ՌԴ արտաքին հետախուզությանը հստակ հայտնի է Բրյուսելում բանավոր պայմանավորվածությունների և Շառլ Միշելին ու Ալիևին տված իր անդրկուլիսյան խոստումների բովանդակությունը։ Չի բացառվում, որ Պուտինն այդ խոստումների մասին տեղեկացած լինի հենց Ալիևից։
Փաշինյանը համաձայնել է երկակի խաղի՝ չցանկանալով կրկնել Պակիստանի վարչապետ Իմրամ Խանի ճակատագիրը, որին տապալեցին Ռուսաստանի հարցում հավաքական Արեւմուտքի դիրքորոշմանը չաջակցելու համար: Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են արագացնել «խաղաղ գործընթացը», քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ, ընդ որում Էրդողանին հաջողվում է խաղալ 2 ճակատով։
Իսկ Փաշինյանը ստիպված կլինի պատասխան տալ ռուս խաղաղապահներին վարկաբեկելու փորձի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեից ՌԴ-ին հեռացնելու հարցով քվեարկության, 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ սեպարատ պայմանավորվածությունների համար։ Իսկ բացի այդ, ստիպված կլինի պատասխան տալ արևմտյան դիվանագետների կողմից այն անգարների ստուգումների համար, որտեղ պահվում են «Սու-30» ինքնաթիռները, ինչպեսև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի կողմից բանկերին տրված գաղտնի հրահանգների՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին աջակցելու վերաբերյալ: Ահա այսպիսի ուղեբեռով է Փաշինյանը մեկնում Մոսկվա։ Դրա համար էլ վախենում է, շա՜տ է վախենում, որ իրենից պատասխան կպահանջեն ամբողջական ցուցակով և ի լրումն՝ կդնեն ընտրության առջև։ Հիշեցնեմ, ի դեպ, որ Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստման մասին Փաշինյանը Մոսկվային չէր տեղեկացրել։ Այդ այցը նախապատրաստվում էր բարձր գաղտնիության պայմաններում։ Կռահո՞ւմ եք, թե ինչու։