ԶՈՐՔԵՐԻ ՀԱՅԵԼԱՅԻՆ ՀԵՏՔԱՇՈՒՄԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՄԵԾ ՍԽԱԼ ԷՐ, ԴՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒՑ ԺԱՄԵՐ ԱՆՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՄ ՏՎԵԼ․ ԱԳ նախկին նախարար

Զորքերի հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից, և դրա մասին առաջին անգամ խոսքը եղել է մայիսի 27-ին, ես ժամեր անց հրաժարական եմ տվել, այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հարցին։

«Դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ և ես իմ կարծիքը հայտնել եմ, իմ կարծիքը բացասական է եղել ․․․ Ես գտնում եմ, որ այդ հայելային հետքաշումը տակտիկական շատ մեծ սխալ էր մեր կողմից, որովհետև, եթե հիշում եք, ընդհուպ մինչև մայիսի 27-ը եղել են հասցեական հայտարարություններ և վերջին հայտարարությունը եղել է ԱՄՆ պետդեպի կողմից և շատ խիստ հայտարարություն էր»,– ասել է նա՝ հավելելով, որ դրանից առաջ հայտարարություններ են արել Ֆրանսիան, ԵՄ–ն, Կանադան, Հնդկաստանը և Իրանը։

Հարցին, թե հնարավոր է Նիկոլ Փաշինյանի և այս իշխանությունների հեռացմամբ Արցախի հարցում գտնվեն արդյունավետ լուծումներ, Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է իրավիճակը շտկել։

«Շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և յուրաքանչյուր քայլ, որ անում ենք, պետք է հարյուր անգամ չափենք, նոր կտրենք։ Նորից եմ կրկնում՝ աշխարհաքաղաքական արկածախնդրությունը հիմա շատ վտանգավոր բան է մեզ համար»,– ասաց նա։

Պատասխանելով Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, Արա Այվազյանն ասել է, որ անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ինչ–որ ձևով լինի երկխոսություն, բայց ոչ թե նախապայմանների լեզվով։ «Եվ եթե տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, ապա պետք է հրաժարվեն հաղթողի և պարտվողի կատեգորիաներից։ Այսօր ես չեմ տեսնում, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց սպասարկող ու աջակցող ուժերը այդ ձևով են մտածում»,– ասել է նա։

Ի պատասխան հարցի, որ հանրության շրջանում կա մտավախություն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նախապայման է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, Արա Այվազյանն ասել է, որ ինքը չի մասնակցում բանակցություններին և չի կարող ասել, իսկ հարցին, թե արդյոք իր պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է նման խոսակցություն, նա պատասխանել է

«Առնվազն արտաքին գործերի նախարարությունը իմ ղեկավարման ժամանակահատվածում որևէ փաստաթուղթ, որևէ գաղափար չի ունեցել, չի ստացել, միայն ես լսել եմ պարբերաբար, որ ադրբեջանական կողմն ասում էր, որ իրենք խաղաղության առաջարկ են արել, բայց դրանից բացի, ես որևէ փաստաթուղթ կամ զրույց չեմ ունեցել»։

Հարցին, թե ինքը կո՞ղմ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, Արա Այվազյանն ասել է որ ինքն իր դիրքորոշումն այս հարցում արտահայտել է ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարվելով։

News.am