Դուք անցել եք կարմիր գիծը. «5165 շարժման» բողոքի ակցիան՝ ԱԳՆ դիմաց
«5165 շարժման» հիմնադիրներն ու համակիրները բողոքի ակցիա են իրականացնում ԱԳ նախարարության շենքի դիմաց։ Նրանք արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներին ուղղված գրություններով ցուցանակներ էին բերել. «Դուք անցել եք կարմիր գիծը», «Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը»։
Շարժման մասնակիցները համախմբման կոչ հնչեցրեցին, իսկ Փաշինյանից պահանջեցին հեռանալ. «Նիկոլ, Հեռացիր»։
Նշենք, որ շարժման անդամներն ու համակիրներն այսօր բողոքի երթ են անցկացրել դեպի բուհերի շենքեր՝ կոչ անելով երիտասարդությանը միանալ հանուն Հայաստանի եւ Արցախի պայքարին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։
News.am