«ՆԻԿՈԼՆ Է ՍՊԱՆԵԼ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ». ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԷՐԱՏՈՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ապրիլի 18-ին հայտնվեց մի հաղորդագրություն, որին վաղուց էինք սպասում։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն: Առիթը ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն էր. «Էսօր ասում են՝ կարո՞ղ էին կանխել պատերազմը։ Կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։

Տվյալ հայտարարությունը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը, կանխատեսելով պատերազմի հետևանքները, միտումնավոր չի կանխել մարդկային կորուստները: Ավելին, նա անգործություն է ցուցաբերել և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, չի կատարել իր պարտականությունները, դրանով իսկ դրդելով Ադրբեջանին ռազմական գործողություններ ծավալել Արցախի դեմ, ինչը հանգեցրել է ավելի քան 3800 զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան, 100-ից ավելի անհայտ կորածների, 500-ից ավելի զինվորականների և քաղաքացիական անձանց գերեվարման, 11 հազարից ավելի զինվորական և քաղաքացիական անձանց հաշմանդամության, տարածքային կորուստների, ասվում է հաղորդագրության մեջ:

Զոհվածների հարազատներն այդ արտահայտությունը համարում են խոստովանական ցուցմունք և պահանջում պատժել մեղավորներին: Իսկ եթե դատախազությունը հրաժարվի վարույթ ընդունել հաղորդումը, նրանք պատրաստ են ավելի արմատական քայլերի։ Ապրիլի 18-ի դրությամբ նախաձեռնությանը միացել են զոհված զինծառայողների 60 հարազատներ, տեղեկացնում է News.am-ը։

Իրավապահ ոլորտում հանցավոր ռեժիմի գլխավոր հենասյուներից մեկը հանդիսացող, նրա բոլոր քմահաճույքներն ու քաղաքական հրամանները հնազանդորեն կատարող և Գլխավոր դատախազությունը անօրինության տիրույթի վերածած  գլխավոր դատախազի կողմից հաղորդման անաչառ քննություն ակնկալելն, իհարկե, անիմաստ է։ Սակայն տվյալ դեպքում խոսքը իրավական կողմի մասին չէ. ինքնին այն փաստը, որ զոհված զինծառայողների հարազատները որոշեցին վերջապես նման քայլի դիմել, շատ բանի մասին է վկայում։ Այստեղ և՛ մեկուկեսամյա սգից ու չամոքվող ցավից արթնացող ինքնագիտակցությունն է, և՛ ըմբռնումը, թե ով և ինչն է դարձել ողբերգության պատճառ, և՛ ցանկությունը՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր իրենց գործողություններով ու անգործությամբ, իրենց հանցավոր քաղաքականությամբ և մասնագիտական բացարձակ անպիտանիությամբ նպաստել են մի քանի հազար երիտասարդների մահվանը։

Բայց ոչ միայն։ Նույնիսկ եթե մի կողմ թողնենք հայ ժողովրդի և պետականության շահերին իշխանությունների դավաճանության մասին վկայող բազմաթիվ փաստերը, վարչապետը փաստացի նաև հրապարակավ հայտարարում է, որ կարող էր կանխել պատերազմը և թույլ չտալ մի քանի հազար երիտասարդների մահը։ Այն մասին, թե ինչու դա չի արել, Փաշինյանն ասել է ավելի վաղ. որպեսզի իրեն չհամարեն դավաճան։ Շրջանն ամբողջացավ, ամեն ինչ ասված է ծայրաստիճան անկեղծ, և ծնողների համբերությունը սպառվեց։ Ակնհայտ է, որ գործի ելքը կախված կլինի երկրի քաղաքական իրավիճակից, և նույնքան ակնհայտ է, որ այն տրամաբանորեն տեղավորվում է այսօր ծավալվող իրադարձությունների հունի մեջ։

44-օրյա պատերազմում զոհված ավելի քան 3800 զինծառայողների, ինչպես նաև գերիների և անհայտ կորածների ընտանիքներն ու հարազատները դրա ավարտից անմիջապես հետո վերածվել են յուրօրինակ կաստայի: Շատերը հենց նրանցից էին ակնկալում ավելի ակտիվ գործողություններ իշխանության դեմ, ավելի քաղաքականացված քայլեր և հայտարարություններ։ Դա տեղի չունեցավ. ամենայն հավանականությամբ՝ վշտի խորության, կատարվածի պատճառած շոկի, ինչպես նաև քաղաքական իրողություններից շատերի կտրվածության պատճառով։ Մարդիկ ներպարփակվել էին իրենց վշտի մեջ, թույլ չտալով ոչ մեկին մոտենալ իրենց, իրենց դժբախտությանը, գուցե նաև վախենալով, թե ողբերգությունը կդարձնեն շահադիտական շահարկումների առարկա։

Այդ հոգեբանական խորապատկերն, անշուշտ, պայմանավորված է նաև երկրում տիրող անվստահության, տարանջատման, պառակտման մթնոլորտով, որի վրա, պետք է ասել, իշխանությունները շատ են աշխատել նախքան պատերազմը։ Թվում էր, թե պիտի որ պապանձվեին ու հանգիստ թողնեին բնակչության գոնե այդ խավին։ Բայց հենց զոհվածների ընտանիքների հետ տարվող այդ զազրելի և ցինիկ «աշխատանքը» շարունակվում է նաև պատերազմից հետո, ընդ որում գլխավոր դերերից մեկն այդ նողկալի խաղում ակնհայտորեն հանձն է առել Աննա-Էրատո Հակոբյանը։ Ամենայն հավանականությամբ, սույն տիկինը համարել է, թե պատերազմի սարսափելի իրողությունները, այդ թվում՝ անձամբ իր հետ կապված սկանդալային դրվագները մոռացվել են, և կարելի է ասպարեզ ելնել նոր դերով։

Սկսեցին առանձին ընտանիքներ այցելությունից, իսկ կանանց միամսյակի ընթացքում կազմակերպեցին ամբողջ երկու հրապարակային միջոցառում։ Սկզբում կազմակերպվեց ճաշկերույթ, որը զանգվածային զայրույթ ու վրդովմունք առաջացրեց, այնուհետ ապրիլի 7-ին՝ ընդունելություն կառավարական նստավայրում։ Երկրորդ միջոցառումն ավելի աղմկահարույց դարձավ. այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները գրեցին, որ բազմաթիվ մայրեր և կանայք մերժել են հրավերը, իշխանական քարոզիչները հորինեցին իսկապես դիվական մի քայլ: Համացանցում տարածվեցին կադրեր, թե ինչպես են կանայք, նստավայրի դռների մոտ հերթ կանգնած, ջերմագին ցանկանում մասնակցել դավաճանի կնոջ կազմակերպած ընդունելություն-ճաշկերույթին, ոմանք հեռանում են՝ վիրավորված նման վերաբերմունքից, իսկ շատերին չեն բավականացնում աթոռները սեղանների շուրջ, և նրանք ստիպված են ոտքի վրա լսել Հակոբյանի ելույթները։

Բուն այդ կադրերը չէին կարող առաջացնել որևէ այլ զգացում, բացի վրդովմունքից, թե ինչպես է իշխող զույգը նվաստացնում ու խաղում դժբախտ մարդկանց վշտի և զգացմունքների հետ։ Սակայն դրանք բովանդակում էին նաև իշխանություններին անհրաժեշտ մեսիջներ։

Առաջին. պատերազմում հարազատներին կորցրած կանայք, անկախ ամենից, ոչ միայն չեն մերժում հրավերը, այլև ամեն կերպ ձգտում են մոտենալ իշխանությանը, հանդիպել Հակոբյանի հետ, համտեսել աղայի սեղանի համադամները, իսկ դա նշանակում է, որ ոչ մի բանում չեն մեղադրում ո՛չ անձամբ իրեն, ո՛չ էլ իր ամուսնուն։ Հակառակը, ինչպեսև նախկինում, աջակցում ու սիրում են իրենց։

Երկրորդ. այո, ինչպեսև ցանկացած այլ,  այնպես էլ մեր ժողովրդի մեջ միշտ էլ շատ են եղել ձրիասերները։ Դե, ահա ձեզ ապացույցը, որ հիմա բարոյական մակարդակն ընկել է ցինիկ նվազագույնի. զոհվածների հարազատները, այդ թվում մայրերը, ջերմեռանդորեն ցանկանում են արժանանալ նրա ողորմածությանը, ով որոշակի չափով մեղավոր է իրենց որդիների և հարազատների մահվան մեջ։ Եվ ուրեմն՝ հայ ժողովուրդը դեգրադացվել է արդեն անհուսալիորեն, ինչին միտված էին և հաջողությամբ են պսակվել Փաշինյան-Հակոբյան զույգի, նրանց ծառայանու և տերերի քարոզչական բոլոր ջանքերը։ Այդպիսի ժողովուրդն արժանի չէ ինքնիշխան պետություն ունենալու, արտահայտելու սեփական դիրքորոշումը, պաշտպանելու իր կենսական շահերը և առավելևս պայքարելու դրանց համար։ Այդպիսի ժողովուրդը կարող է միայն նվաստացուցիչ խաղաղություն մուրալ և համաձայնել ցանկացած զիջումների, որպեսզի խուսափի նոր կորուստներից։

Հենց այս հակահայկական թեզերն են ձգտում ամեն գնով ներշնչել, նույնիսկ մխել հայ հասարակության ուղեղում, տվյալ դեպքում՝ զոհվածների մայրերի, կանանց ու հարազատների միջոցով։ Միաժամանակ ընթանում է Հակոբյանի ռեաբիլիտացիայի գործընթաց, ակնհայտ է նրա մասնակցությամբ բոլոր անհասկանալի (մեղմ ասած) դրվագները, ինչպես նաև առհասարակ դավաճանի կնոջ դերը մոռացության մատնելու ձգտումը։ «Քաջարի ռազմուհու» կերպարից հետո, որը նա խաղում էր պատերազմից առաջ և դրա ընթացքում, այսօր «Էրատո»-ն փորձում է մտնել ժողովրդի հոգատար «մայրիկի», տուժածների հովանավորուհու և սփոփողի դերի մեջ: Սակայն այդ դերն էլ է մտածված, և դա նրանց համար գլխավորն է՝ նախկին ծրագրային թեզի շրջանակներում. «Ձեր որդիները զոհվել են հանուն ոչնչի, հետևաբար՝ եթե չենք ցանկանում ավելի շատ մահեր պատերազմում, ապա մեզ բանակ պետք չէ, մեզ պետք է խաղաղություն ամեն գնով»:

Թե որքան վտանգավոր ու նողկալի է դա, ասելն ավելորդ է։ Պատահական չէ, որ տեսանյութի հրապարակումից հետո շատերը գրում էին, որ այդտեղ ներգրավված են կեղծ կերպարներ, յուրօրինակ զանգվածախումբ՝ անհրաժեշտ տպավորությունը ստեղծելու համար։ Ավելորդ է խոսել նաև այն մասին, որ կան արժանապատվությամբ, հպարտությամբ և մտավոր բարձր ունակություններով օժտված բազմաթիվ կանայք. զոհվածների մայրեր, քույրեր և տիկնայք, որոնք երբեք չեն խաբվի նման էժանագին քայլերով, չեն նսեմանա և միշտ բարձր կպահեն սեփական պատիվն ու իրենց սիրելիների հիշատակը։

Վերջապես, այդ ամենի մեջ կա ևս մեկ կարևոր ուղերձ. իշխանությունները կրկին փորձում են ջրբաժան անցկացնել, որն այս պարագայում նույնպես անցնում է Հայաստանի և հակաՀայաստանի միջև։ Ընդ որում շատ լավ գիտակցում են դա, քանզի վաղուց են արել են իրենց սատանայական ընտրությունը և հիմա փորձում են փակել սարսափելի պատերազմի ու աղետի էջը և կառուցել «նոր» (իմա ՝ թուրքամետ) Հայաստան։ Որտեղ մեծամասնություն կկազմեն իրենց համախոհ-ուրացողները։

Որևէ այլ բան, առավելևս՝ կարեկցանք, Հակոբյանից ակնկալել չի կարելի։ Նա ոճրագործության նույնպիսի մեղսակից է, ինչպես իր ամուսինն ու նրա համախոհները, և արյան վրա իր կազմակերպած ընդունելություն-ճաշկերույթները դրա ևս մեկ ապացույցն են։