ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ․ Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արեւմուտք եւ Ռուսաստան միջեւ բախումն արդեն տեղափոխվել է Հայաստան, սակայն այն դեռ թեժ փուլի չի հասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս գործընթացները կարող են ամեն ինչ հասցնել թեժ փուլի։

«Եթե Հարավային Կովկասում իրավիճակը սրվի, դա կլինի ոչ թե հայ-ադրբեջանական պատերազմ, այլ պատերազմ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որը կարող է վերջ դնել Հայաստանի գոյությանը»,-ընդգծեց նա։

Դանիելյանը բացատրեց, որ Արցախի շուրջ աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ են տեղի ունենում, այստեղ իրենց կենսական շահերն են հետապնդում Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը։ Արեւմուտքը՝ բրիտանական կապիտալի ակտիվ մասնակցությամբ, նույնպես ակտիվորեն առաջ է մղում տարածաշրջանում իր շահերը։

«Հայաստանը կարող էր օգտվել ստեղծված իրավիճակից եւ մեծացնել իր կշիռը՝ դառնալով աշխարհաքաղաքական լուրջ սուբյեկտ, սակայն ներկայիս իշխանությունների պարագայում նման բան ակնկալելն անիմաստ է»,-նշեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ Երեւանը պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ի վերջո ստորագրեցին 30 կետից բաղկացած փաստաթուղթ։

«Այս փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կազմել է ռուսական կողմը եւ ստիպել ստորագրել։ Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ ինքն է որոշում Հարավային Կովկասի հարցերը։ Մինչ այդ Արեւմուտքն արագացված տեմպերով փորձում է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ստիպել Երեւանին ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ հիմնովին լուծել խնդիրը։ Հաջորդ քայլը կլինի հայերի դուրսբերումն Արցախից։ Սակայն ամեն անգամ, երբ քննարկվում է հաշտության պայմանագիրը, Ռուսաստանը հայտարարում է, որ դա երկար գործընթաց է, եւ ապագայում պետք է անդրադառնալ ղարաբաղյան խնդրին։ Այսինքն՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը հանդես են գալիս հակառակ օրակարգերով։

Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը նշանակում է, որ այս բոլոր գործընթացները ընթանալու են Մոսկվայի վերահսկողության տակ։ Կրեմլին մոտ կանգնած փորձագետները մի քանի անգամ հայտարարել են, որ Ռուսաստանը չի լքի Արցախն ու Հարավային Կովկասը։

Մոսկվայի ու Արեւմուտքի միջեւ հակասություններ են առաջացել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։ Այս գործընթացի նախաձեռնողը կներգրավվի նաեւ ռազմական փորձագետների, որոնք կդառնան միջնորդ եւ կաշխատեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ միջնորդն այս գործընթացում կապահովի քաղաքական եւ ռազմական ներկայություն»,-ընդգծեց Դանիելյանը։

Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է վերահսկել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի մասին է վկայում այն, որ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։

«Դրանից հետո Թուրքիան ցանկություն հայտնեց այլ վայրերում անցկացնել հետագա հանդիպումները։ Թուրքիան փորձում է առաջ մղել իր օրակարգը՝ հայտարարելով, որ կհամակարգեն իրենց քայլերը Բաքվի հետ։ Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սպասարկում է Ադրբեջանի շահերը»,-եզրափակեց նա։

News.am