ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Greek City Times

Ապրիլի 24-ն այն օրն է, երբ աշխարհը հիշում է թուրքերի ձեռքով 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այդ օրը 250 հայ մտավորականներ եւ հասարակական առաջնորդներ կալանավորվեցին Կոնստանդնուպոլսում եւ ուղարկվեցին Չանկրի ու Այաշ, որտեղ ավելի ուշ սպանվեցին: Այս մասին գրում է Greek City Times-ը:

Այդ օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը:

Էթնիկ զտումները շարունակվում էին Առաջին աշխարահամարտի տարիներին եւ դրանից հետո, ինչի հետեւանքով սպանվեցին Անատոլիայում բնակվող միլիոնավոր հայեր, հույներ ու ասորիներ:

Հասարակ հայերի դուրս էին հանում իրենց տներից ուղարկում մահվան երթի անապատի ճանապարհով՝ առանց հաց ու ջրի:

Ինչպես ընդգծում է Greek City Times-ը, հայտնի է, որ երիտթուրքերը «հատուկ կազմակերպություն» էին ստեղծել, որն, իր հերթին, «մարդասպանների ջոկատներ» էր պատրաստում՝ ինչպես սպաներից մեկն էր հայտարարել, «քրիստոնեական տարրերի ոչնչացումը» կամզակերպելու համար: Այդ ջոկատները հիմնականում կազմվում էին նախկին բանտարկյալներից ու մարդասպաններից:

«Ցեղասպանության հետեւանքով սպանվել է մոտ 1.5 մլն հայ, 900 000 հույն եւ 400 000 քրիստոնյա ասորի:

Փաստաթղթերի համաձայն՝ «թրքացման» այդ աշրավի ընթացքում կառավարական ջոկատները նաեւ երեխաների էին առեւանգում, նրանց դավանափոխ անում եւ տալիս թուրքական ընտանիքներին: Մուսուլմանները տեղափոխվում էին տեղահանված հայերի տներ եւ բռնագրավում նրանց ունեցվածքը:

1922 թ. օգոստոսի 30-ին Զմյուռնիայում (Իզմիր) բնակվող հայերը նոր թուրքական վայրագությունների զոհ են դարձել: Զմյուռնիայի աղետի ժամանակ զոհվել են ծովափնյա քաղաքում ապրող հույներ եւ հազարավոր հայեր: Թուրք զինվորները եւ քաղաքացիական անձինք հրդեհել են բոլոր հունական եւ հայկական թաղամասերը՝ հույներին եւ հայերին ստիպելով փախչել նավահանգիստ, որտեղ հազարավոր մարդիկ են սպանվել:

1919 թ. ապրիլի 24-ին ողջ մնացած հայ համայնքը ոգեկոչման արարողություն է կազմակերպել Կոստանդնուպոլսի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Դրանից հետո այդ օրը դարձել է ամենամյա հիշատակության օր: 

Այսօր պատմաբաններից շատերն այդ իրադարձություններն անվանում են Ցեղասպանություն՝ կանխամտածված եւ զանգվածային արշավ՝ ուղղված ամբողջ ժողովրդի բնաջնջմանը: 

Սակայն թուրքական կառավարությունը չի ճանաչում այդ իրադարձությունների մեծությունն ու մասշտաբները: Չնայած հայերի եւ սոցիալական արդարության կողմնակիցների ճնշումներին՝ Թուրքիայում մինչ օրս արգելվում է խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ այդ ժամանակ:

1918 թ. Օսմանյան կայսրության կապիտուլյացիայից հետո երիտթուրքերի առաջնորդները փախել են Գերմանիա, որտեղ նրանց խոստացել են, որ չեն հետապնդի ցեղասպանության համար: Այդ օրվանից սկսած՝ թուրքական կառավարությունը հերքում է Ցեղասպանության փաստը»,- նշում է պարբերականը:

News.am