Արցախի ապագայի հարցը ոչ ոք չի կարող լուծել, բացի Արցախի ժողովրդից. Ռուբեն Վարդանյան

Ոչ ոք, բացի Արցախի բնակչությունից, չի կարող որոշել Արցախի ապագայի հարցը։ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է գործարար, «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Իհարկե, Արցախի ժողովուրդը և Արցախի ղեկավարությունը պիտի գնահատեն իրավիճակը և հասկանան` ինչ հնարավորություններ կան, ինչպես պահպանեն հայկական ոգին և հայկական ապրելակերպը այստեղ՝ հայկական հողերում՝ համագործակցելով Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի և սփյուռքի հետ։ Բայց, ի վերջո, որոշումը պետք է կայացվի այստե՛ղ (Արցախում)»,– շեշտել է Վարդանյանը։

Նա կարծում է, որ այդ որոշումը չի կարող կայացնել միայն ղեկավար մարմինը, դա պետք է ազգի որոշումը լինի, որովհետև խոսքը ազգային արժեքների, ազգային արմատների, ազգային ապագայի մասին է։

«Արցախի հարցը ինձ համար կարմիր գիծ է։ ․․․ Սեպտեմբերի 27-ն է դարձել իմ կարմիր գիծը. ես ասել եմ՝ դա այն բանն է, որ մենք իրավունք չունենք կորցնելու, մենք իրավունք չունենք դուրս գալու Արցախից և թողնենք, որ ինչ-որ ուրիշ մարդիկ այդտեղ ապրեն»,–ասել է գործարարը։

Նրա կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչպես անել, որ Արցախում ապրող մարդիկ զգան` ապագա ունեն, որ մենակ չեն, և մարդիկ պատրաստ են գալ ու ապրել իրենց կողքին։ Վարդանյանը բացատրեց, որ հենց դրա համար է որոշել ապրիլի 24-ին լինել Ստեփանակերտում, ոչ թե Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում կամ նույնիսկ Երևանում։

Պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք մտնել քաղաքականություն, Վարդանյանը նշել է, որ վերջին 20 տարիներին արդեն քաղաքական ակտիվ կյանքի մեջ է, բայց ոչ թե կուսակցական գործունեությամբ, այլ առկա խնդիրները բարձրաձայնելու առումով։

Նրա խոսքով` եթե նախկինում ինքն ու իր ընկերները խոսում էին ապագայի ծրագրերի մասին, այսօր ավելի շատ խոսում են, թե ինչ է պետք անել։

Վարդանյանը հավելել է, որ իր ընկերների ու համախոհների հետ իրականացրել են շուրջ 700 ծրագիր, որոնցում ներդրվել է ավելի քան 7 մլն դոլար։

«Կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ մեծ պատասխանատվություն կրել, պատրաստ եմ պարտականություններ ստանձնել, անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք ուժեղ, երջանիկ, առողջ ժողովուրդ և պետություններ՝ Արցախ և Հայաստան»,– ասել է Վարդանյանը։

Sputnik Արմենիա